08/05/2017 13:29
Քննարկվում է հայ սակրավորների մասնակցության հարցը Սիրիայում տեղի ունեցող ականազերծման աշխատանքներին. Վիգեն Սարգսյան
Ռուսաստանի հետ մենք այժմ սերտ երկխոսում ենք նաև Սիրիայի հարցով, ռուսական Interfax-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մոսկովյան ֆորումը կարևոր հարթակ է կարծիքների փոխանակման համար: Այն բաց քննարկում է ամենասուր հարցերը», - ասել Վիգեն Սարգսյանը` նշելով, որ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ հանդիպել էր ավելի վաղ:
«Այս անգամ մենք շփվեցինք ոչ ֆորմալ: Ինչպես միշտ, դա բաց, կառուցողական երկխոսություն էր` մեր համագործակցության կոնկրետ թեմաների վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այժմ մենք սերտ երկխոսում ենք նաև Սիրիայի հարցերով: Հայաստանը մեծ սիրով Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն է տրամադրում և մենք շատ շնորհակալ ենք ռուս գործընկերներին, որոնք ապահովում են դրա մատակարարումը Ռուսաստանի օդուժի ինքնաթիռներով», - ասել է Վիգեն Սարգսյանն` ավելացնելով.
«Մեր երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկվում է նաև հայ սակրավորների մասնակցությունը Սիրիայում Ռուսաստանի կողմից անցկացվող ականազերծման աշխատանքներին: Վտանգների գլոբալիզացման կապակցությամբ երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցությունը պետք է ուղղված լինի խաղաղության և անվտանգության հաստատմանը: Այդ մասին մենք խոսում ենք ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ` երկկողմ մակարդակում»: