08/05/2017 13:45
Գյումրին կարող է դառնալ հայ-ռուսական ռազմարդյունաբերական համագործակցության հարթակ. Վիգեն Սարգսյան
Ռուսաստանը շատ է աջակցում ՀՀ Զինված ուժերի ամրապնդմանը, ռուսական Interfax-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այս պահին մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ծրագրեր` սկսած մեր կուրսանտների ուսուցումից, մինչև գործողությունների միասնական պլանավորում: Ստեղծել ենք զորքերի միասնական խմբավորում, կա միասնական հակաօդային պաշտպանության համակարգ, ունենք ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված բազմաթիվ հարցեր: Մոսկվա կատարած իմ այցելության շրջանակներում հանդիպել եմ ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, անցկացրեցինք հայ-ռուսական արդյունաբերական համաժողով: Ծանոթացրեցինք ռազմարդյունաբերական համալիրի մեր արտադրողներին, որպեսզի նրանք ուղղակիորեն կարողանան պայմանավորվել համատեղ գործունեության շուրջ», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա անդրադարձել է Մոսկվա այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում նախատեսվում է ստեղծել համատեղ ռազմաարդյունաբերական համալիր:
«Շատ մանրամասներ, իհարկե, չեմ կարողանա պատմել: Գյումրին միշտ եղել է մեր դաշնակցային հարաբերությունների կարևոր հարթակ, այնտեղ բնակվում են բազմաթիվ զինծառայողների ընտանիքներ և ավանդաբար Գյումրին միշտ ունեցել է զարգացած արդյունաբերություն: Այնտեղ հիմա էլ կան ռազմարդյունաբերական համալիրի գործող կառույցներ: Քննարկում ենք այդ գործունեության ընդլայնման հնարավորությունն ու Գյումրու վերածումը մեր երկրների միջև ռազմարդյունաբերական համագործակցության հարթակի: Կարծում եմ` դա հնարավոր կլինի իրագործել», - ամփոփել է Վ. Սարգսյանը: