08/05/2017 14:53
ԼՂ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, հուսանք` դա գիտակցում են նաև Բաքվում. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարարները բանակցություններով չեն զբաղվում, դրանց մասին ավելի լավ կխոսեն նախագահների ու արտգործնախարարությունների ներկայացուցիչները, ռուսական Interfax-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այնուամենայնիվ, իմ մոսկովյան ելույթում ես հայտարարել եմ, որ խորապես համոզված եմ` հակամարտությունները, որոնք այսօր կան մեր տարածաշրջանում ու աշխարհում, չունեն ռազմական լուծում: Ուժի կիրառման հետևանքով առաջացող միակ գործոնը ճնշման գործոնն է կողմերից մեկի վրա, որ բանակցային գործընթացքում առավել ճկունություն ցուցաբերի: Արդյունքում, այնուամենայնիվ, պետք է բանակցություններ լինեն, պետք է լինի խաղաղություն ու խաղաղության համաձայնագիր: Ինչքան շատ է փակուղի մտնում հակամարտությունը, ատելությունն ու ագրեսիան, այնքան ավելի բարդ է հետագայում լուծել նման հակամարտությունները», - ասել է Վիգեն Սարգսյանը` ընդգծելով.
«Մենք ելնում ենք նրանից, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում պարզապես գոյություն չունի: Հուսանք` դա լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մեծ հույս ունենք, որ Բաքվում որոշումներ կայացնելու պատասխանատվություն ունեցողները գիտակցում են` շատ հեշտ է դռները բացել քաոսի ու իսկապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի համար, ինչը կանգնեցնելն է շատ բարդ լինելու: Դա անպայման կուժեցաղնի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դերը, կմեծանա ոչ տարածաշրջանային խաղացողների դերը, որոնք կսկսեն օգտվել դրանից: Պանդորայի նման արկղը կարելի է միշտ բացել, իսկ կարգավորել հակամարտությունն այդքանից հետո շատ բարդ կլինի: Այնպես որ, ես մեծ հույս ունեմ, որ արտգործնախարարները կկարողանան նոր հատման կետեր գտնել՝ չնայած որ հնարավորությունների շրջանակը խիստ սահմանափակ է»:
Եզրափակելով խոսքը Վ. Սարգսյանն ասել է.
«Լեռնային Ղարաբաղը թեև չճանաչված, բայց պետություն է, ոչ թե` հակամարտություն: Եվ, քանի դեռ չկա այդ փաստի գիտակցումը, կարգավորում չի լինելու»: