09/05/2017 16:36
Այդ աջակցությունն այսօր ստանում են Տարոն Մարգարյանի հարազատները. Մանե Թանդիլյանը՝ 15 000 դրամի սոցիալական աջակցության մասին
«Ելք» դաշինքի առաջարկած 15 000 դրամի սոցիալական աջակցությունը այսօր էլ գոյություն ունի, պարզապես այն ստանում են գործող քաղաքապետի բարեկամները, այս մասին Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Այսօր էլ կա այդ աջակցությունը, բայց ո՞վ է այն ստանում՝ Տարոն Մարգարյանի հարազատները», - ասաց նա:
Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ եթե նախագիծը նպատակ ունի միանվագ գումար տրամադրել մարդկանց, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն ընտրական տեղմասեր գնալ մեկ օրվա խնդիր լուծելու համար:
«Դուք չեք տեսել այդ մարդկանց և չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում ընտրակաշառքի հարկադրանքով կողմնորոշվող քաղաքացի, որն, ըստ էության, չի էլ ուզում այդպիսի ընտրություն անել: Մենք առաջարկում ենք ընտրվելուց հետո սոցիալական աջակցություն տրամադրել ձեր իսկ վճարած հարկերի հաշվին՝ թափանցիկ և հաշվետու եղանակով», - ընդգծեց նա:
Երեկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դաշինքը ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է Երևան քաղաքի բյուջեից շուրջ 15 000 դրամ տրամադրել այն քաղաքացիներին, որոնք կդիմեն քաղաքապետարան և կասեն, որ հրաժարվել են ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք վերցնել: