09/05/2017 11:45
Տնտեսական աճը կրիտիկական աստիճանի պետք է հասնի, որ մարդիկ դա զգան իրենց վրա. վարչապետ (Տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ իր պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում զգալի գործ կատարվել է, ինչի մասին վկայում են բազմաթիվ մամուլի հաղորդագրություններն ու հաշվետվությունները:
«Բազմաթիվ հաղորդագրություններ ու հաշվետվություններ ենք ներկայացրել ձեզ: Տնտեսական ցուցանիշների մասին ասել, դրա համար մի կես ժամ առնվազն պետք է, որ ես ներկայացնեմ», - լրագրողի հարցին ի պատասխան՝ այսօր Հաղթանակի զբոսայգում հայտարարեց Կ. Կարապետյանը:
Հարցին, թե եթե տնտեսական աճ կա, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում, վարչապետը պատասխանեց. «Ես ձեր կարծիքի հետ համաձայն չեմ»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ փոփոխությունները, տնտեսական աճը մարդկանց համար տեսանելի չեն, Կարապետյանը արձագանքեց. «Որովհետև այդ աճը կրիտիկական աստիճանի պետք է հասնի, որ մարդիկ դա զգան իրենց վրա»:
Նկատենք, որ լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետը քայլում էր, իսկ նրա անվտանգությունն ապահովող ծառայողները հրում էին լրագրողներին: Վերջիններից մեկը վրդովված հետաքրքրվեց, թե մի՞թե լրագրողները վտանգ են ներկայացնում վարչապետի անվտանգությանը, Կարապետյանը արձագանքեց. «Ոչ, ուղղակի պրացեդուրայով մենք ուրիշ տեղ պետք է գնանք»:
Այդուհանդերձ նա մի քանի րոպե կանգնեց և պատասխանեց լրագրողների հարցերին: