10/05/2017 11:44
Հնգյակից ողջ մնացած երեք երեխաների հարցով հայ մասնագետները կապ են պահպանում ամերիկյան մասնագետների հետ
Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակ երեխաներից ողջ մնացած 3-ից մեկը՝ տղան, ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ երկու աղջիկները՝ կայուն ծանր, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, իսկ աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:
«Բոլոր կենտրոններում երեխաները գտնվում են լավագույն մասնագետների հսկողության տակ: Բացի այդ, այս ընթացքում մեր մասնագետները մշտական կապի մեջ են եղել ամերիկյան գործընկերների հետ», - ասաց Հայթայանը:
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին ծնված հնգյակ երեխաներից երկուսը խորը մահացել էին, ինչը մասնագետների պնդմամբ, խորը անհասության հետևանքով էր, քանի որ նրանք ծնվել էին 600 գրամ քաշով: Հնգյակ ծննդաբերած 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության ընթացքը վարել են «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները, որոնք օրերս հայտարարեցին, որ զգուշացրել էին ծնողներին սպասվող վտանգի մասին: Կինը 28 շաբաթականում ծննդալուծվել էր, և երեխաները, ըստ մասնագետների, ծնվել էին անհաս: