10/05/2017 14:59
Այդ դրամը վճարելու է համայնքային ինստիտուտը, այլ ոչ թե թեկնածուն կամ քաղաքական ուժը. Նիկոլ Փաշինյանը՝ 15 000 դրամի սոցիալական աջակցության մասին
«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին 15 000 դրամ տրամադրելը հակաօրինական տարր չի պարունակում: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ ավագանու ընտրություններում «Ելք»-ի հաղթանակից հետո Երևան քաղաքի բյուջեն 30-40 մլրդ դոլարով կավելանա:
«Ովքեր այս ուղերձն ընդունում են և Երևան քաղաքում արդյունավետ ու ժողովրդական իշխանություն ձևավորում, նպաստում են, որ Երևան քաղաքի բյուջեն 30-40 միլիարդով ավելանա», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք սա Ընտրական օրենսգրքի խախտում չէ, որով ընտրողներին դրամ խոստանալը դիտարկվում է որպես ընտրակաշառք, Փաշինյանը հակադարձեց, որ եթե այդպես լինի, ապա պետք է ոչ ոք աշխատավարձերի, թոշակների բարձրացում և այլ խոստումներ չտար:
«Եթե այդպես լինի, Երևանի ավագանու ընտրությունները և մնացած բոլոր ընտրությունները պետք է չեղյալ արվեն, որովհետև հիմա, օրինակ, Տարոն Մարգարյանն էլ ասում է՝ տրանսպորտի համակարգը կլավացնենք, բակն ու վերելակը կվերանորոգենք», - ընդգծեց Փաշինյանը:
Վերջինս նաև հավելեց, որ խոստացվող 15 000 դրամներն իրենք չեն պատրաստվում վճարել իրենց հաշվին.
«Մենք չենք խոստանում, որ մարդկանց դրամ ենք վճարելու, այլ խոստանում ենք Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ իրագործել: Այդ դրամը վճարելու է համայնքային ինստիտուտը, այլ ոչ թե թեկնածուն կամ քաղաքական ուժը», - նշեց նա: