10/05/2017 19:46
Դա ոչ թե Նոյեմբերյանի, այլ Կողբի նախկին անուններից է եղել. Նոյեմբերյանի քաղաքապետը՝ քաղաքն անվանափոխելու առաջարկի մասին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում իշխանություններին ուղղված խնդրանք-դիմումով հանդես եկավ: Վերջինս հորդորում է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքը Կողբափոր անվանել:
Ըստ քաղտեխնոլոգի՝ ողջ հետխորհրդային տարածքում, կամ, գոնե, Հայաստանում, սոցիալիստական հեղափոխության հետ կապված միակ հուշը մնացել է Նոյեմբերյանը: Այդ տարածքի պատմական անվանումը եղել է Կողբափոր գավառ:
Aysor.am-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ կարծիքի է այս առաջարկի մասին, արդյոք հնարավոր է, որ Նոյեմբերյանը վերափոխվի Կողբափորի: Քաղաքապետն առաջարկի մասին առաջին անգամ էր լսում:
«Նոյեմբերյան քաղաքը չի կարող Կողբափոր կոչվել, դա ոչ թե Նոյեմբերյանի, այլ Կողբի նախկին անուններից է եղել: Կ. Քոչարյանն արմատներով Կողբից է, հավանաբար, հենց Կողբի համար էլ առաջարկել է», - նկատեց Կարեն Աբազյանը: