11/05/2017 09:42
Գյումրիում վարչապետին պատկանող ռեստորան-հյուրանոցում աշխատանքեր չեն իրականացվում. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ում կարդում ենք. «Դեռ 2016 թվականի վերջերին և 2017 թվականի փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանը, մի խումբ գործարարների հետ Գյումրի այցելելով, հայտարարել էր, որ Գյումրին դարձնելու է զբոսաշրջային կենտրոն: Այդ նպատակով վարչապետի ընտանիքը Գյումրիում ևս ներդրում էր կատարել 500 հազար դոլարի չափով: Այս գումարի շրջանակներում Կարապետյանների ընտանիքը Գյումրիում «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ձեռք էր բերել ամենահին և հայտնի ռեստորաններից մեկի՝ «Ջրահարսի» շենքը:
Նախընտրական շրջանում կառույցում ակտիվ շինաշխատանքներ էին իրականացվում: Խոսվում էր, որ այն դառնալու է եվրոպական չափանիշներին համապատասխան ռեստորան-հյուրանոց: Նշենք, որ վարչապետը Գյումրիում վերջին անգամ եղել է ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում` մարտի 26-ին: «Չորս շաբաթ է, որ էլ գործ չեն անում: Սա Կարապետյանի շենքն է: Եկան, տանիքը քանդեցին, մաքրեցին ու գնացին», - նշել է թաղամասի Աշոտ անունով տարեց բնակիչը:
Մեր այցելության պահին, վարչապետի ընտանիքին պատկանող կառույցի տարածքում ընդհանրապես չհանդիպեցինք որևէ մեկին, նույնիսկ պահակ չկար: Կառույցի դռները ամուր կողպված էին, իսկ կտուրը ընդհանրապես բացակայում է»: