11/05/2017 19:13
Վիրաբույժ. Իբրահիմովիչը լավ մարզավիճակում է և դեռ երկար տարիներ կարող է խաղալ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերջերս ծնկի վիրահատության էր ենթարկվել, հիանալի վիճակում է գտնվում: Այս մասին հայտնել է 35-ամյա ֆուտբոլիստի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն: Վիրահատությունը կատարվել է ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում մայիսի սկզբին, փոխանցում է Championat.com-ը:
«Ես չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել, քանի որ չեմ ցանկանում խնդիրներ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Բայց կարող եմ ասել, որ Իբրահիմովիչը հիանալի վիճակում է գտնվում՝ բոլոր առումներով: Ոսկորները, մկանները ... ամեն ինչ այնքան լավ է, որքան հնարավոր է պատկերացնել: Իբրահիմովիչը լավագույն մարզիկներից մեկն է, որոնց հետ ես երբևէ առնչվել եմ: Նա դեռ երկար տարիներ կարող է խաղալ», - բժշկի խոսքերը մեջբերում է South China Morning Post-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը պատմել էր, որ բժիշկները շվեդ ֆուտբոլիստին խնդրել են կարիերան ավարտելուց հետո այցելել իրենց հետազոտության համար, քանի որ նրանց գիտահետազոտական ինստիտուտը զբաղվում է ծնկների ուսումնասիրությամբ: