11/05/2017 19:37
Մայիսի 14-ին եթե անգամ ձյուն գա, գնացեք ընտրությունների. Էդմոն Մարուքյանը ուղերձները
Այն էներգետիկան, որ մենք ստանում ենք Երևանի յուրաքանչյուր բակում, ջախջախում է ադիբեկյանական ցանկացած հարցում, այսօր Հյուսիսային պողոտայում Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ավարտական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինիք ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ «Ելք» դաշիքնի ստեղծման օրվանից ինքը միշտ ունեցել է համոզմունք, որ Հայաստանի քաղաքական համակարգը այլևս այդ պահին եղած ներկապնակը չի ունենալու:
«Այդ համոզմունքը հաստատվեց ապրիլի 2-ի ընտրություններում: Այսօր մենք ապրում ենք այլ քաղաքական ներկապնակում, և «Ելք» դաշինքի ստեղծումով Հայաստանում ստեղծվել են փոփոխություններ, որոնցով կա հնարավորություն՝ ուղղորդելու դեպի իշխանափոխություն», - հայտարարեց Մարուքյանը:
Նա Հյուսիսային պողոտայում հավաքված բնակչությանը հորդորեց գնալ ընտրությունների՝ նշելով, որ ընտրություններին չգնալու իրավունք մարդիկ չունեն և ավելին, իրավունք չունեն պասիվացնելու ընտրական պրոցեսը, խորացնելու հուսալքությունը:
«Չպետք է թույլ տանք, որ Հանրապետականը, իր ադմինիստրատիվ ռեսուրսը գործի դնելով, վերարտադրվի Հայաստանի թիվ մեկ քաղաքում, չպետք է թույլ տանք: Ուստի ես խնդրում եմ, սիրելի երևանցիներ, մայիսի 14-ին եթե անգամ կարկուտ գա, գնացեք ընտրությունների, եթե անգամ ամենաանդադար անձրևը գա, գնացեք ընտրությունների, եթե անգամ ձյուն գա, գնացեք ընտրությունների», - հայտարարեց Մարուքյանը:
Ելք դաշինքի ներկայացուցիչը ձևակերպեց հաջորդ ուղերձը՝ ընտրություններին գնալուց հետո «չփոշիացնել ձայնը». «Կատարել ճիշտ ընտրություն ու ընտրել միայն ու միայն «Ելք» դաշինքին»: