11/05/2017 10:23
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1700 կրակոց. Թալիշի ուղղությամբ նկատվել է ադրբեջանական տանկերի տեղաշարժ
Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց, տեղեկացնում են ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:
Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է: