12/05/2017 10:57
Ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման բոլոր ճանապարհները փակ են. Վիտալի Բալասանյան
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կարծիքով` հակառակորդի կողմից տանկերի տեղաշարժը ահազանգ չէ այն մասին, որ Ադրբեջանը, հնարավոր է, ռազմական գործողություններ սկսի։
«Տանկերի տեղաշարժը որևէ բան չի հուշում, ասենք, որ այսօր տեղաշարժ են սկսել, վաղը կարող են ռազմական գործողություններ սկսել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով երեկ հակառակորդի կողմից Թալիշի ուղղությամբ տանկերի տեղաշարժին։
«Հակառակորդի կողմից ակտիվությունը միշտ էլ կա, այնպես չէ, որ այսօր են սկսել, կամ նախատոնական ու հետտոնական օրերին, ակտիվությունը միշտ կա, կրակոցներ միշտ կան, լարվածությունը միշտ պահում են», - նշեց նա։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, սակայն, ցանկացած պահի, երբ որ Ադրբեջանը հնարավորություն ունենա, կփորձի, կորոշի, որպեսզի ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծի։
«Բայց անձամբ իմ պատկերացմամբ ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման բոլոր ճանապարհները փակ են։ Մնացածը, թե Ադրբեջանը կտրուկ ինչ գործողությունների կդիմի, դա արդեն իրենց ռազմավարութունն է», - ընդգծեց Վ. Բալասանյանը։