12/05/2017 14:16
«Մալագայի» նախագահը տուգանվել է 3,5 հազար եվրոյով Բարսելոնային վիրավորելու համար
Իսպանիայի՝ բռնության և ռասիզմի դեմ պայքարի պետական կոմիտեն տուգանել է «Մալագայի» նախագահ Աբդուլա բին Նասեր Ալ-Տանիին 3,5 հազար եվրոյով՝ «Բարսելոնային» վիրավորելու համար, փոխանցում է Championat.com-ը:
Ավելի վաղ, կատալոնական ակումբն Ալ-Տանիին «Թվիթերում» խնդրել էր հաղթել «Ռեալին» Իսպանիայի առաջնության վերջին տուրում, որպեսզի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճի «Բարսելոնան»:
Ալ-Տանին արաբերեն պատասխանել էր. «Աստծո օգնությամբ մենք «Ռեալին» քարերով կջախջախենք: Բայց Կատալոնիայի տականքները չեն ճաշակի հաղթանակի համը Միչելի մասին ասված ստից հետո»:
Ավելի ուշ, կատալոնական ակումբի ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել և հայտնել, որ բողոք կներկայացնի համատասխան մարմիններին՝ Ալ-Տանիի խոսքերի վերաբերյալ:
«Իմ խոսքերն ուղղված էին կատալոնական մամուլին, որը գրում էր, թե Միչելը խաղը կտա «Ռեալին»: Սա անընդունելի է, մենք խաղեր չենք նվիրում: Ես մամուլից ներողություն եմ պահանջում», - Ալ-Տանիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք՝ Միգել Միչելը, որը «Մալագայի» գլխավոր մարզիչն է, նախկինում հանդես է եկել «Ռեալում»:
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի արդյունքներով «Բարսելոնան» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» նույնքան միավոր ունի և 2-րդ տեղում է, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: