12/05/2017 12:15
Ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժին գոյություն չունի, կա Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ . Նիկոլ Փաշինյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հրատապ ասուլիս են հրավիրել, որտեղ ներկայացնում են, թե երեկ իրենց հաջողվել է փաստել, որ ընտրակաշառքի ամենախոշոր դեպքն է արձանագրվել Հայաստանի երրորդ հանրապետությունում։
«Ոչ թե ամենախոշոր ընտրակաշառքն է բաժանվել, այլ մենք ամենաշատ փաստական նյութն ունենք տվյալ իրավիճակի մասին», -հրավիրված բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի նկարած տեսանյութում հստակ երևում է, որ մարդիկ ցուցակով կանչվում են, ըստ անուն-ազգանունների գումար են ստանում, դուրս են գալիս, հետո նաև քվեաթերթիկ կամ դրան նման թղթեր են ստանում։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրագրողը դեպքն արձանագրել է Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում, սակայն դրանից հետո հանվել է շտաբի ցուցանակը։
«Ուզում եմ փաստել, որ ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժին, որպես այդպիսին, գոյություն չունի։ Գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ, որոնք ուղղակի սնվում են պետական բյուջեից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ընտրակաշառքի դեպքն իրեց կողմից արձանագրելուց հետո ոստիկանությունը եկել է դեպքի վայր և առաջին բանը, որ արել են, դա Նիկոլ Փաշինյանենց ոստիկանության բաժին տեղափոխելն է եղել։