13/05/2017 17:08
Մադուրոն պաշտոնանկ է արել Վենեսուելայի առողջապահության նախարարին՝ հիվանդացության ու մահացության աճի պատճառով
Վենեսուելայի նախագահ ՆԻկոլաս Մադուրոն անսպասելիորեն պաշտոնից հեռացրել է երկրի առողջապահության նախարարին։ Այդ որոշումը նա կայացրել է առողջապահության վիճակի մասին կառավարության հրապարակած տվյալների ֆոնին, որոնք բացահայտում էին ոլորտի ճգնաժամի խորացումը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Ըստ հրապարակված տվյալների՝ երկրում նորածնային մահացությունն աճել է 30 տոկոսով, մայրական մահացությունը՝ 65 տոկոսով, իսկ մալարիայով հիվանդացությունը անցած տարի աճել է 76 տոկոսով։ Գրանցվել է նաև դիֆտերիայով ու ԶԻկա վիրուսով հիվանդացության աճ։
Առողջապահության նախարար Անտոնիետու Կապորալին ընդամենը չորս ամսվա պաշտոնավարությունից հետո փոխարինել է դեղագործ Լուիս Լոպեսը։