15/05/2017 12:40
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են մինչև 2018 թվականի մարտը սառեցնել նավթի արդյունահանման գործընթացը: Այս մասին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել են Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու նրա գործընկեր Հալեդ ալ Ֆալեհը, հաղորդում է ТАСС-ը:
Իրենց դիրքորոշումը կողմերը հայտնել են Չինաստանում կայացած «Մեկ գոտի, մեկ՝ ճանապարհ» համաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: Այնտեղ նշվում է, որ սահմանափակման ռեժիմն անհրաժեշտ է «շուկայի կայունացման ուղղությամբ հիմնական նպատակին հասնելու համար»: Դրա համար պահանջվում է «նավթի համաշխարհային պաշարները վերջին հինգ տարիների միջին նիշին հասցնել», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ՝ նախարարները նշել են, որ նավթի պաշարների նվազումը վերջին ամիսներին արագ տեմպերով են ընթացել:
Նովակը նշել է, որ Էներգետիկյաի նախարարության դիրքորոշումը կիսում են ռուսաստանյան բոլոր ընկերությունները: «Դա մեր ընդհանուր՝ կոնսոլիդացված մոտեցումն է»,- հայտարարել է նախարարը: