15/05/2017 18:56
Դերասանուհի Սիլվի Բարկովան՝ ամուսնության և «Դոմինո» սիթքոմի ավարտի մասին
Երիտասարդ դերասանուհի Սիլվի Բարկովան, ով այս ընթացքում նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Դոմինո» սիթքոմում՝ Լիլիի կերպարում, ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել, ինչն առիթ է դարձել, որպեսզի երկրպագուներից շատերը մտածեն՝ դերասանուհին պատրաստվում է իր հարսանեկան արարողությանը: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս հերքեց լուրերը՝ տեղեկացնելով, որ հարսանեկան զգեստը բոլորովին այլ նպատակով է հագել:
«Զգեստը փորձել էի իմ նոր ֆոտոշարքի համար, քանի որ վաղուց ցանկություն ունեի հարսի զգեստով և հարսի կերպարով ֆոտոշարք ունենալ: Այն ինքս էի ընտրել ու պետք է համաձայնեցնեի նաև լուսանկարչի հետ: Բայց պետք է խոստովանեմ, որ հագնելուց հետո այդ թեմայով ֆոտոշարք անելու ցանկությունս իսպառ կորավ: Նպատակս է՝ հետագայում միայն իմ հարսանեկան զգեստով ֆոտոշարք անել», - նշեց նա:
Հարցին, այնուամենայնիվ՝ արդյոք արդեն չի՞ մտածում ընտանիք կազմելու մասին, պատասխանեց.
«Իհարկե, մտածում եմ։ Բայց ընտրությանը շատ խիստ եմ վերաբերվում: Ես մեկ անգամ եմ ուզում ամուսնանալ, և դրա համար շատ կարևոր է՝ ճիշտ մարդու ընտրել: Չեմ շտապում, և կարծում եմ՝ չեմ էլ ուշանա»:
Ի դեպ, «Դոմինո» սիթքոմի 4-րդ եթերաշրջանն ավարտին է մոտենում, եթերաշրջանի վերջին սերիան կցուցադրվի մայիս 18-ին: 5-րդ եթերաշրջանի նկարահանումներն էլ կսկսվեն աշնանը:
«Այս եթերաշրջանի վերջին սերիան արդեն վաղուց նկարել ենք: Ասեմ, որ Նորիկն ու Լիլին այս անգամ էլ չեն ամուսնանում: Ինչ վերաբերում է հաջորդ եթերաշրջանին, կարծում եմ, նկարահանումները կսկսվեն սեպտեմբերի կեսերից», - զրույցը եզրափակեց Սիլվի Բարկովան: