16/05/2017 11:50
Ագրեսոր չենք լինելու, բայց կասեցնելու ենք ցանկացած ոտնձգություն. Դավիթ Բաբայան
Հայկական կողմը երբևիցե ագրեսոր չի լինելու, բայց եթե Արցախի դեմ ցանկացած ոտնձգություն լինի, այն կասեցվելու է, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից կառավարվող հրթիռի կիրրառմանն` ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է: Սա մեր առօրյան է: Այս լարվածությունը կարելի է համարել միջին աստիճանի: Պաշտպանության բանակը շարունակում է վերահսկել իրավիճակը և իր ձեռքում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը» - ասաց Դ. Բաբայանը:
Ադրբեջանի այս քայլը նա անվանեց ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկչություն:
«Այո՛, ապրիլիյան իրադարձություններից հետո առաջին անգամ նրանք նման հրթիռ են օգտագործել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք և տեխնիկայի կորուստ չունենք` մի փոքր վնասվել է: Ինչ վերաբերում է մեր քայլերին, մեր ռազմավարությունն ակտիվ պաշտպանությունն է: Հետևաբար ամեն ինչ արվում և արվելու է մեր անվտանգության ապահովման համար», - ամփոփեց Դավիթ Բաբայանը: