16/05/2017 20:35
Համարում եմ, որ կինն առաջին հերթին ծնվում է, մեկ ուրիշին կյանք պարգևելու համար. Էռնա Էլիզբարյան
Յուրաքանչյուր երկրի, հասարակության ամենակարևոր բջիջը ընտանիքն է: Որքան առողջ, կրթված ու զարգացած է ընտանիքը, այնքան պիտանի է այդ երկրի հասարակությունն, ու պայծառ՝ վաղվա օրը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանն Aysor.am-ի հետ զրույցում նկատեց՝ իր ընտանիքը նման է բոլորի ընտանիքներին, բայց և միևնույն ժամանակ՝ տարբերվում է բոլորից։
«Ընտանիքը մեծ հասկացություն է ու տարիքի հետ այդ հասկացության իմաստն էլ ավելի է մեծանում: Իմ ընտանիքի մասին կարող եմ ասել, որ այնտեղ բոլորս հավասար ենք, չկա սահմանված օրինաչափություն: Մենք՝ հայրս, մայրս, եղբայրս՝ իր ընտանիքով, ապրում ենք հանուն մեկմեկու, մեկս մյուսի ցավով ու դարդով։ Փառք Աստծո, միասին ենք, ամուր և ուժեղ», - նշեց մեր զրուցակիցը:
Հաղորդավարուհին հաճախ է ընդգծում՝ կայուն ու հաստատուն ընտանիքի մասին է երազում: Հարցին, թե դեռևս չի մտածո՞ւմ այդ ընտանիքը ստեղծելու ուղղությամբ, ժպիտով պատասխանեց.
«Ընտանիք բոլորն են ուզում ունենալ` անկախ տարիքից ու սեռից։ Ես ունեմ իմ ընտանիքի բանաձևը. չկա որևէ օրինաչափություն ու ժամանակագրություն, կարևորը մարդն ինքնաբավ լինի ու երջանիկ։ Ես այդպիսին եմ։ Մեկի մոտ վաղ տարիքում է հնարավոր լինում ընտանիք ստեղծել, մյուսի մոտ՝ հասուն։ Ասում են՝ երջանկությունը թիթեռի պես բան է, երբ վազում ես նրա հետևից, նա քեզնից փախչում է։ Ես կյանքին փիլիսոփայորեն եմ նայում, իրական երջանկություն գտնելու համար մենք պետք է փնտրենք այն և կենտրոնանանք մեզանից դուրս: Ոչ ոք չի հասկացել կյանքի իմաստը, մինչև իր եսը չի հանձնել մերձավորի ծառայությանը: Ուրիշներին ծառայելը բարեկամ է պարտավորության հետ, որը հանգեցնում է իրական ուրախության: Այնպես որ, ինչպես Աստված կկամենա, այնպես էլ կապրեմ»:
Տարածված կարծիք է, որ հանրային մարդիկ հաճախ կարիերան գերադասում են ընտանիքից: Ավելին, երբեմն այնքան թեթև են վերաբերում ընտանիք գաղափարին, որ միայն տարիներ հետո են զգում՝ ժամանակն իրենց կողքով է անցել, չեն էլ նկատել:
«Գիտեք, հանրային մարդիկ ոչ թե թեթև են նայում, այլ նրանք ամենախոցելի են դառնում: Նրանց շուրջ պտտվում են տարաբնույթ խոսակցություններ, լեգենդներ ու առասպելներ, որոնք իրականության հետ երբեք ոչ մի աղերս չեն ունենում: Դրա համար էլ նրանց կյանքը, սովորաբար, դժվար ընթացք է ստանում», - ընդգծեց նա:
Առաջին անգամ մայրացող կանանց տարիքային շեմը տարեցտարի բարձրանում է, ինչը նշանակում է, որ երիտասարդներն առավել ուշ են մտածում ընտանիք կազմելու մասին: Էռնա Էլիզբարյանն ամուսնության հարցում ճակատագրին չի շտապեցնում, թեև իրեն լիովին պատրաստ է համարում որդեծնության համար:
«Ես համարում եմ, որ կինն առաջին հերթին ծնվում է մեկ ուրիշին կյանք պարգևելու համար։ Իհարկե, լավ կլինի որ վաղ տարիքում մարդիկ ամուսնանան։ Բայց եթե չի ստացվում, վհատվել պետք չէ։ Ամեն մեկն ունի իր սահմանված ժամանակն այս կյաքում։ Կարևորը հասցելն է»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Ամփոփելով ընտանիքի թեմայի շուրջ Aysor.am-ի զրույցը՝ հաղորդավարուհին նշեց.
«Ուզում եմ, որ իմ ծնողները երկար ապրեն, իրենց ներկայությամբ ինձ միշտ ուրախացնեն, ուժ տան ու վստահություն, հավատ վաղվա օրվա հանդեպ։ Մնացածն, Աստծո կամոք, լավ կլինի»: