17/05/2017 09:48
Հանրային ռադիոյի տնօրենի ամենահավանական թեկնածուն Մարկ Գրիգորյանն է. ՀԺ
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ։ ԱԺ ընտրություններում նա ընդգրկված էր ՀՀԿ ցուցակում և դարձել է պատգամավոր։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան խորհուրդում ասել են, թե դեռևս հայտնի չէ, թե երբ կհայտարարվի մրցույթ նոր տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ասել են նաև, որ մրցույթի համար որոշակի ժամկետ սահմանված չէ։ Բայց արդեն շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրենի հնարավոր թեկնածուների անունները։
Ամենահավանական թեկնածուն համարվում է լրագրող, Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը։ Թերթի հարցին՝ մրցույթ հայտարարելուց հետո մասնակցելո՞ւ է այդ մրցույթին, նա պատասխանել է. «Ես այս պահին մեկնաբանություններ չունեմ»։
Թերթը հիշեցրել է, որ Արման Սաղաթելյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում աշխատեց կարճ ժամանակահատված՝ 2016 թվականից։ Մինչ այդ հանրային ռադիոն երկար տարիներ ղեկավարում էր այժմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։