17/05/2017 12:50
Ադրբեջանի ՊՆ ուշագրավ հայտարարությունը` հայկական զինված ուժերի սպառազինության մեջ մարտական ԱԹՍ-ների առկայության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի հայկական կողմը շփման գծի արևելյան ուղղությամբ մայիսի 16-ի երեկոյից, իբրև թե, արկակոծել է Ադրբեջանի ԶՈւ հենակետերը:
Հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ` «հայկական կողմը կիրառել է նաև մարտական անօդաչու սարքեր»:
Բանն այն է, որ սա առաջին հիշատակումն է ՀՀ Զինված ուժերի կողմից մարտական անօդաչու սարքերի կիրառման ու առհասարակ ԶՈւ սպառազինության մեջ դրանց առկայության մասին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս Արցախի ՊԲ հաղորդմամբ` մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):