18/05/2017 09:20
Ադրբեջանը կիրառել է հրանոթներ ու ականանետեր, Արցախը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ
Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18 արկ) և 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից: