18/05/2017 19:53
Ինձ համար ուղղակի անընդունելի, իմ անձից հեռու մթնոլորտ է. Գրիգոր Սուքիասյանը՝ Հայաստանից հեռանալու, նոր գործունեության և ճակատագրի հարվածի մասին
Շանթ հեռուստաընկերության մի շարք սերիալներից հայտնի Գրիգոր Սուքիասյանն արդեն տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս խոստովանեց՝ մեկնումը ժամանակավոր բնույթ է կրում:
«Շուտով մեկ տարի կլինի, որ այստեղ եմ, բայց միևնույն է, ես ինձ հայաստանցի եմ համարում: Այստեղ մշտական հաստատվելու մտադրություն չունեմ, իմ երկիրը, հայրենիքը ինձ չի թողել, որ ես իրեն մոռացության մատնեմ: Երբեք Երևանը չեմ փոխի ոչ մի քաղաքի հետ: Երկրիս ամեն անտաշ քարը ցանկացած երկրում գոյություն ունեցող ադամանդից կարևոր ու թանկ է: Հայաստանը, Երևանն իմ տունն է: Ապագայում ավելի շատ այդտեղ, քան այստեղ կապրեմ», - նկատեց նա:
Գ. Սուքիասյանն առաջիկայում պատրաստվում է Բուրբանկից մեկ այլ քաղաք տեղափոխվել: Հարցին՝ տեղի հայկական հեռուստաընկերությունների, դերասանների հետ շփում պահպանո՞ւմ է, մասնակցո՞ւմ է հայկական սերիալների նկարահանումներին, թե ոչ, պատասխանեց.
«Հեռուստաընկերությունների հետ չեմ փորձել կապ պահել, քանի որ աշխատանքային բնույթս այլ կերպ դասավորվեց: Մի պահ նկարահանվեցի «Վտանգավոր խաղեր» սերիալում, բայց հետո, հանգամանքների բերումով, գործունեությունս այլ ընթացք ստացավ, ու ինքս տեղափոխվեցի այլ աշխատանքի: Բայց պետք է խոստովանեմ, որ շատ եմ կարոտում նկարահանումների ընթացքը: Կարծում եմ՝ սա ժամանակավոր երևույթ է»:
ԱՄՆ տեղափոխվելուց հետո նրա առաջին թանկարժեք նվերը ավտոմեքենան էր, որի մասին բոլորին տեղեկացրեց ֆեյսբուքյան իր էջի միջոցով:
«Այս երկրում նորեկների համար վարկավորմամբ նոր ավտոմեքենա ձեռքբերելը հեշտ չէ, ու ընկերներիցս ոմանք ամեն ինչ արեցին, որ ես նման խնդրի առաջ չկանգնեմ: Նրանց շնորհիվ կարողացա ձեռք բերել նոր ավտոմեքենա, այդ պատճառով էլ համարում եմ, որ այն նվեր է ինձ», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Խոստովանեց՝ ԱՄՆ-ն և Հայաստանը ծայրահեղ միմյանցից տարբերվում են, և դա բոլորովին էլ հոգուտ Նահանգների չէ.
«Միգուցե իմ երկրում սոցիալական կյանքը մի փոքր դժվար է, բայց իմ երկիրը Աստծո երկիր է, մարդկության երկիր: Հայաստանում սեր, բարություն կա, ինչն այստեղ բացակայում է: Միայն տեղի հայերի մեջ կարող ենք այդ ամենը գտնել: Մնացյալ առումով ինձ համար ուղղակի անընդունելի, իմ անձից հեռու մթնոլորտ է»:
ԱՄՆ տեղափոխվելուց քիչ ժամանակ անց ճակատագրի հարվածը նրան կրկին Հայաստան բերեց. հայրիկին կորցրեց: Հիմա ամենամեծ դժվարությունը ընտանիքից և զավակներից հեռու մնալն է:
«Դա իմ կյանքի ամենամեծ հարվածն էր, որն ինձ երկու մասի բաժանեց: Մեծ ցավն ինձ կրկին Հայաստան բերեց, ոչ մեկին նման բան չեմ ցանկանում: Դա անբուժելի վերք է: Մայրս հիմա ապրում է եղբորս ընտանիքի հետ: Պատրաստվում եմ առաջիկայում հրավիրել ինձ մոտ, որպեսզի ինձ էլ մոտ լինի: Չէ՞ որ երկու ծնողիս կարոտն էլ հիմա մորիցս եմ առնում, նա իմ աշխարհն է… Ինչ վերաբերում է բալիկներիս, ապա նրանք Հայաստանում են, շուտով որոշ ժամանակով ինձ մոտ կտեղափոխվեն, մինչև այս վիճակը կգտնի իր հունը և մենք միշտ միասին կլինենք: Առանց իմ զավակների ամեն մի օրս դատարկ է ու տանջալի, կարոտին այնքան էլ չեմ դիմանում», -նկատեց վերջինս:
Գ. Սուքիասյանը Հայաստան կայցելի աշնանը: Իր իսկ խոսքով՝ դրա համար և՛ պատճառ ունի, և՛ կարոտն է խեղդում:
«Այս աշնան վերջում նպատակ ունեմ Հայաստան գալու, դա ոչ միայն ցանկությունս է, այլև՝ պատճառ ունեմ: Բայց, ինչպես ասում են, երբեք չենք կարող իմանալ՝ նոր բացվող օրվա հետ ինչ փոփոխություններ կարող են լինել: Տեսնենք՝ ինչպես կստացվի, իրավիճակն ու ցանկություններս պետք է համահունչ լինեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: