18/05/2017 23:06
ԵԱՀԿ ՄԽ առաջին հասցեական արձագանքը. Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ։
ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել (ղարաբաղա-ադրբեջանական - Aysor.am) շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։
«Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում է և տագնապի առիթ», - նշել են համանախագահները։
«Այս իրադարձությունների պատճառների, դրա հետևանքով զոհերի կամ վնասների մասին իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու նյութեր՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք արձանագրվել են վերջին օրերին ու կոչ անում կողմերին անել հնարավորը՝ հակամարտության գոտում հետագա հնարավոր էսկալացիայից խուսափելու համար», - ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։