19/05/2017 13:55
Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը. Նալբանդյան
Ժողովրդավար երկրներն առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 127-րդ նիստին իր ելույթում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը նման իրավիճակի ականատեսն է եղել 2016թ. ապրիլին.
«Այդ ժամանակ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասել է ՀՀ արտգործնախարարն` ընդգծելով.
«Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: