19/05/2017 15:03
ՀՀ ԱԳՆ-ն ոչ ստանդարտ է գնահատում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Դրանում հստակ նշվում է մեղավոր կողմը
Հայաստանի արտգործնախարարությունը ոչ ստանդարտ է գնահատում մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը.
«Այն հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - մայիսի 19-ին այս մասին ասել է աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։
«Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը: