19/05/2017 16:40
Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին հանդես կգան ինտերակտիվ «7» նախագծով
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար-երգահան Ավետ Բարսեղյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը միասնական նախագծով հանդես կգան: Նախագիծը կոչվում է «7»:
«Այս նախագիծը հեղինակել եմ մեկ տարի առաջ, իրականացնելու ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին: Այն իրենից ներկայացնում է ինտերակտիվ երաժշտական ծրագիր, դահլիճի հետ շփումն անխուսափելի է: Փորձելու ենք երեխաների մոտ սեր ու հետաքրքրություն սերմանել դասական երաժշտության նկատմամբ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա. Բարսեղյանը:
Նկատառմանը, թե արդյոք հատկապես առավել փոքր տարիքի երեխաների համար դասական երաժշտությունը ձանձրացնող չի լինի, մեր զրուցակիցը նկատեց.
«Հատվածներ են հնչելու ամենահայտնի դասական երաժշտություններից: Բայց դա շոուի միայն մի մասն է: Չեմ կարող ամբողջովի փակագծերը բացել, թե ինչ է կատարվելու բեմում, միայն կասեմ, որ գեղեցիկ, անմիջական շոու ծրագիր է լինելու՝ հաստատ ոչ ձանձրալի»:
Հեղինակի վստահեցմամբ՝ ճանաչողական-երաժշտական «7» նախագիծը տարիքային սահմանափակում չունի, հետաքրքիր է լինելու թե՛ մեծերի, թե՛ 5-6 տարեկան փոքրիկների համար: Անդրադառնալով խորագրին՝ մանրամասնեց՝ ամեն ինչ պտտվելու է խորհրդավոր 7 թվի շուրջը.
«Ի՞նչ երաժշտություն ունի շաբաթվա յուրաքանչյուր օր, յոթ գույները ի՞նչ հնչյուններ ունեն, ի՞նչ նոտա է, օրինակ՝ կարմիր գույնը… Երաժշտական տեսանկյունից կանդրադառնանք նաև յոթ հրաշալիքներին… Դաստիարակչական բնույթի մեջ կներկայացնենք դասական երաժշտության հանդեպ գործվող յոթ մեղքերը»:
1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ-նախագծի ընթացքում Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում, բացի Ավետ Բարսեղյանից և Ս. Սմբատյանի ղեկավարած նվագախմբից, այլ մարդիկ չեն լինելու: