19/05/2017 18:10
Հայկական ճարտարապետությունը 300 տարի ավելի վաղ է ստեղծվել, քան գոթականը. «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
Այսօր՝ մայիսի 19-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսի բացումը:
Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված օտարազգի բոլոր փորձագետների ուսումնասիրություններում կարմիր թելով անցնում է այն, որ հայկական ճարտարապետությունը ոչ թե բյուզանդականի կցորդն է, այլ՝ ինքնուրույն զարգացած, նույնիսկ գոթական ոճից 300 տարի առաջ ի հայտ եկած:
«Ցուցադրությանը ներկայացված են հայկական ճարտարապետության մասին օտարազգի գիտնականների գրառումները: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ թռիչքաձև կամարները զուտ հայկական ճարտարապետական ոճ է», - նշեց նա:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն իր ելույթում նշեց, որ այս ցուցադրությունը կարևոր է նրանով, որ պարունակում է իր մեջ թե՛ մշակութային, թե՛ գիտական տարրեր:
«Այս միջոցառումը մեզ համար ևս մի հնարավորություն է շնորհակալություն հայտնելու օտար գիտնականներին և ճարտարապետներին մեր մշակույթը շատ տարիներ առաջ հանրահռչակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու համար», - ընդգծեց նա:
Արգելոց-թանգարանի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը պատմեց, որ այս ցուցադրությանը նաև ներկայացված է 2-3 տարի առաջ Գառնի ձորում պատահական գտնված հեթանոսական Գառնի տաճարի արձանախմբից մասնատված գտածո ցուլի գլուխը, որը հեթանոսական արևի աստված Միհրի՝ պայքար ցուլի դեմ կոմպոզիցիայի մի մասն է (Տավրոմախիա` հունարենից թրգմ. ՝ Ցլամարտ՝ հեղ.):
Նկատենք, որ ցուցադրությանը ներկայացված էին ֆրանսիացիներ Ժան Շարդենի և Ժան-Միշել Թիերի, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկիի, ռուս հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնի, իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեոյի, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Տոկարսկիի, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան և պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելոյի և այլոց ուսումնասիրությունները հայկական ճարտարապետության մասին: