20/05/2017 13:09
Արմավիրի գյուղացիները ճանապարհ են փակել. պատճառը վարունգի ցածր գինն է
Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը` բողոքելով վարունգի ցածր գնից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արմավիր մարզի Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը:
«Գյուղացիները բողոքում են, որ այս տարի վարունգի գինը հասել է արդեն 60-70 դրամի, ես էլ պատասխանում եմ` էժանացել է, որովհետև վարունգ շատ կա: Եթե տոննաներով վարունգ են ցանել, բա ի՞նչ էին ուզում», - ասաց Արտաշես Բարսեղյանը:
Նա նշեց, փոխարենն, օրինակ, բարձրացել է կաղամբի գինը:
«Ես գյուղացուն հասկանում եմ, ես էլ եմ գյուղացի մարդ, երկնքից չեմ իջել, բայց ինչի՞ չեն ասում, որ անցյալ տարի կաղամբը 50 դրամ էր, էս տարի էլ, որ քիչ կա, հասել է 250 դրամի: Հիմա վարունգը, որ շատ է, գինը ո՞նց կարողա բարձր մնա: Պետք է մտածեին չէ՞, որ բոլորով վարունգ են դրել, շատ կլինի: Ասենք, տարիներ են լինում` կարկուտը խփում է, ծիրան չի լինում, գինը հասնում է 1000 դրամի, հիմա մի ուրիշ տարի էլ, որ լիքը ծիրան կա, գինը ո՞նց կարա չիջնի», - ասաց Ա. Բարսեղյանը:
Նա նշեց, որ ճանապարհի փակված հատված են եկել նաև Արմավիրի փոխմարզպետերն, ովքեր բանակցություններ են տանում բողոքող գյուղացիների հետ: