20/05/2017 13:48
Ռիգայում կայացել է «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը
Մայիսի 19-ին Լատվիայում ՀՀ դեսպանությունը Ռիգայի «Սունս» կինոթատրոնում կազմակերպել էր «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան դիտումը բացման խոսքով հանդես է եկել Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշել է, որ նման կինոժապավենների նկարահանումն, ընդհանուր առմամբ, միտված է ցեղասպանությունների և, հատկապես, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գլոբալ տեղեկացվածության բարձրացմանը, ինչը պետք է դիտարկել որպես ցեղասպանությունների կանխարգելման միջազգային պայքարի մի մաս:
Դեսպանի խոսքով՝ «Խոստումը» ֆիլմը միայն անցյալի մասին չէ, այն սիրո, պայքարի, մարդասիրության, ապրելու, արարելու և վերածնվելու խոստման մասին է. նրա ուղերձն առավելապես ուղղված է ներկային և ապագային:
Դիտմանը հրավիրված հյուրերը, որոնց թվում էին Լատվիայի իշխանության գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին կյանքից հեռացած ֆիլմի կոմպոզիտոր Քրիս Քորնելի հիշատակը: Դիտման ավարտից հետո տեղի է ունեցել ընդունելություն: