20/05/2017 18:06
Երգահան Մարինա Թագակչյանն ու երգիչ Հրանտոն անակնկալ են պատրաստել վերջին զանգի կապակցությամբ
«Վերջին զանգ». այսպես կկոչվի օրերս հանրությանը ներկայացվող նոր երաժշտական համարը, որը ծնունդ է առել երաժիշտ, երգահան Մարինա Թագակչյանի ու ամերիկահայ երգիչ Հրանտոյի համատեղ ուժերով: Ինչպես մնացյալ դեպքերում, այս անգամ ևս թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Մարինան է, Հրանտոյի հետ էլ համագործակցությունը սկսվել է վերջինիս առաջարկով:
«Նա ծնունդով ամերիկացի է, շատ հայտնի Քալանթարյանների ընտանիքի զավակ: Արտաշես Քալանթարյանի զարմիկն է… Մեծ նպատակ ուներ՝ երգել իմ երգերից: Հասավ իր նպատակին», - Aysor.am-ի հետ զրույցում անկեղծացավ երգահանը:
Հրանտոն ևս չհերքեց այդ փաստը՝ խոստովանելով, որ երկար ժամանակ է պահանջվել, մինչև Մ. Թագակչյանը կհամոզվեր, որ իրեն պետք է վստահել:
«Վաղուց ծանոթ եմ իր գործունեությանը, շատ էի ցանկանում համագործակցել: Երկարատև համոզումներից հետո համաձայնվեց: Կարծում եմ՝ հանդիսատեսը կհավանի մեր աշխատանքը», - նշեց երգիչը:
Երգի գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Փիրիմասիհին: Ի դեպ, ռեժիսորի ընտրության հարցը երգահանը վստահել է երիտասարդ երգչին:
«Ես շատ գործիքավորողների հետ եմ աշխատում, բայց հայկական երաժշտական աշխարհում ինձ համար գոյություն ունի երկու գործիքավորող՝ Դավիթ Դավթյանն ու Վահան Նահապետյանը: Այս անգամ գործիքավորել է Վահանը: Նրա խորհրդով էլ երգը հավաքեցինք ռեգեդոն ռիթմով, ինչն այսօր երաժշտական աշխարհում շատ ընդունելի է: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, այս ռեժիսորին չեմ ճանաչում, ուղղակի վստահել եմ Հրանտոյին: Ինքս բծախնդիր մարդ եմ, չգիտեմ՝ ինչ կստացվի: Հուսամ՝ լավը կլինի», - նշեց Մ. Թագակչյանը:
Մի շարք հիթերի հեղինակը նկատեց՝ չի կարող ասել, այս երգը կոմերցիոն բնույթ կունենա՞, թե՞ ոչ, բայց այն, որ հիթ կդառնա, հաստատ է:
Վերջին զանգի թեմայով սա Մարինայի երկրորդ ստեղծագործությունն է: Նախորդ «Վերջին զանգ» հնչել է 4 տարի առաջ՝ Արամեի կատարմամբ: Հարցին՝ արդյոք առավել ճիշտ չէր լինի այս անգամ էլ երգը վստահել ճանաչված արտիստի, պատասխանեց.
«Ճիշտ է, Արամեի երգը տեսահոլովակ չունի, բայց մեծ ճանաչում վայելեց: Այդ հաջողությունը վերագրում եմ և՛ ինձ, և՛ կատարողին: Ինձ հաճախ են ասում, որ եթե այս երգը ևս կատարեր հայտնի ու կայացած երգիչ, ապա այն 100 տոկոսանոց հիթ կդառնար: Բայց հավատացեք, Հրանտոն այնքան անկեղծ ու դրական մարդ է, որ մնացած հանգամանքներին բոլորովին ուշադրություն չեմ դարձնում: Ես իմ անունը վաստակել եմ, ինձ հայտնություն պետք չի»:
Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մայիսի 23-ին: Նկարահանվել է Երևանի թիվ 180 դպրոցում, գործող հերոսներն էլ այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն են: Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց այդ դպրոցը, Aysor.am-ի հետ զրույցում Հրանտոն ընդգծեց.
«Այս տարի իմ զարմիկի վերջին զանգն է, նա էլ հենց այդ դպրոցում է սովորում: Ցանկացա այսկերպ նվեր մատուցել իրեն և իր դասընկերներին: Շատ թեթև, պոզիտիվ ու բարի տեսահոլովակ է, որը ներկայացնում է դպրոցական կյանքի հիշվող կողմերը»: