22/05/2017 18:06
93 ամյա Շառլ Ազնավուրը՝ Էրզրումցու և իզմիրցու զավակը
Համաշխարհային մշակույթում հայկական ծագում ունեցող արվեստագետների պակաս չկա: Մարդիկ, ովքեր աշխարհին ապացուցել են՝ կինոյի, գրականության, թե՛ երաժշտության բնագավառում երբեմն նույնիսկ անգերազանցելի են:
Այսօր այդ անուններից, թերևս, մեր ժամանակների կենդանի լեգենդի ծննդյան օրն է:
Ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ-երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը, նույն ինքը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեանը, ծնվել է ուղիղ 93 տարի առաջ՝ 1924 թվականի մայիսի 22-ին՝ Սեն Ժերմեն դես Պրեսում: Նրա ծնողները՝ Միշա Ազնավուրյանն ու Քնար Բաղդասարյանը, գաղթականներ են. էրզրումցու արմատներ ունեցող հայրը ծնվել է Ախալցխայում, պապն էլ Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր: Մայրն Իզմիրում է ծնվել, սեփական աչքերով է տեսել Հայոց ցեղասպանությունը:
9 տարեկանում հայազգի շանսոնիեն արդեն տարված էր բեմական կյանքով, ու դպրոցը նրա համար երկրորդական դարձավ: Չնայած այդ տարիներին քիչ աշխատանք չի կատարել, սակայն նրա աստեղային ժամը վրա հասավ 1946 թվականին. երգչին լսեց Էդիթ Պիաֆն ու որոշեց իր հետ տանել շրջագայությունների՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
1956 թվականին արդեն աշխարհն էր Շառլին ճանաչում: Ֆրանսիական մամուլը նույնիսկ հայտարարեց՝ «Ֆրանսիան ազնավուրացված է»: Նրա գրած շուրջ հազար երգերը կատարել են այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Շերը և այլք…
Մեծ արտիստն իրեն նաև որպես դերասան է դրսևորել՝ նկարահանվելով «Գլուխը պատին», «Կրակեք դաշնակահարի վրա», «Սատանան ու տասը պատվիրանները, «Արարատ» և այլ ֆիլմերում:
Աշխարհահռչակ հայն իր երեք ամուսնություններից 6 զավակ ունի՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Ազնավուրի պատվին է անվանակոչված Երևանի Աբովյան փողոցում գտնվող կիսաշրջանաձև բացվածքով հրապարակը, որն ընկած է Թումանյան և Պուշկին փողոցների միջև: 2009 թվականից նաև Ազնավուրի անվան թանգարան ունենք Երևանում:
Նրա անունն է կրում նաև Վաղարշապատի դրամատիկական թատրոնը: 2000 թվականին էլ Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կանգնեցվեց իր արձանը: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
2009 թվականի մայիս ամսից Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում, նաև՝ միջազգային մի շարք այլ կազմակերպություններում՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը: