22/05/2017 12:05
Հայտարարություններ անելը քիչ է, պետք է սանկցիաներ կիրառեն. Թևան Պողոսյանը՝ ՄԽ հայտարարության մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի օրեր առաջ տարածած հայտարարությունն, ըստ Թևան Պողոսյանի, ինչ-որ չափով կարելի է ներկայացնել որպես առաջընթաց այն մասով, որ առնվազն ասում են, թե ով է սկսել։
«Բայց դրա հետ միասին, եթե նայում ենք ձևակերպումները, ապա ստացվում է այսպես՝ մամուլից եղած տեղեկություններով, մենք պետք է քննություն իրականացնենք, Կասպշիկը պետք է այդ ամենն, ինչը պետք է, ստուգի և այլն։ Սա նշանակում է, որ փորձում են առաջին անգամ ասել, որ եթե նույնիսկ Ադրբեջանը միշտ դեմ լինի մեխանիզմների տեղաբաշխմանը, այնուամենայնիվ, իրենք կարող են մամուլի կամ սոցիալական ցանցերի տեղեկությանն ուշադրություն դարձնել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։
Նա նշեց, թե ավելի ուրախ կլիներ, եթե համանախագահները խոսեին ոչ միայն կոչերով, այլ նաև մտածեին, թե ինչպես անեն, որ սանկցիաներ կիրառեն։
«Այլապես Ադրբեջանը կարող է սովորություն դարձնել նմանատիպ հայտարարություններ լսելը։ Եթե լինեն սանկցիաների մասին հայտարարություններ, զինադադարի խախտման հետ կապված պատժամիջոցի գաղափար, այդ դեպքում ողջունելի կլինի», - ասաց Թևան Պողոսյանը։
Դիտարկմանը, թե սանկցիաների մասին հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ կողմից հնարավո՞ր է, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Եթե իրենք ցանկանում են, որ այլևս էսկալացիա չլինի, ուրեմն կողմերը պետք է գիտակցեն, որ լինելու են հետևանքներ»:
Իսկ հետևանքներն, ըստ Թևան Պողոսյանի, կարող են տարբեր լինել։
«Հասկանալի է, որ հայկական կողմը երբևէ անհետևանք չի թողնելու Ադրբեջանի սադրանքները։ Իսկ միջազգային հանրությո՞ւնը, չէ որ իրենք են եղել բանակցողները և իրենք են ասում, որ զինադադարի պայմանագիրը միջազգային է, որը կողմերը պետք է հարգեն։ Սանկցիաները կարող են տարբեր լինել՝ առևտրային պատժամիջոցները, միջազգային տարբեր կառույցներից տվյալ երկրին հանելը, միջազգային վարկավորում չլինելը և այլն: Դա արդեն իրենք պետք է մտածեն, թե ինչ խնդիրներ առաջ քաշեն, որպեսզի ադրբեջանական կողմը հասկանա, եթե տանում է էսկալացիայի, ապա դա կարող է հետևանք ունենալ», - նշեց Թևան Պողոսյանը։
Ամենալավ տարբերակը, ըստ Թևան Պողոսյանի, այն կլինի, որ համանախագահները հայտարարեն՝ դե որ այդպես է, ուրեմն մենք էլ ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դրանով գնում ենք առաջ։
«Հարավսլավիայի հանդեպ սանկցիան Կոսովոյի ճանաչումը չէ՞ր։ Ասածս այն է, որ բազմաթիվ են տարբերակները, որպեսզի Ադրբեջանին հասկացնեն, որ չի կարելի այդպիսի քաղաքականություն վարել, և էսկալացիա անելը ունենալու է հետևանքներ։ Եթե այս ամենը չլինի, ապա այդ հայտարարությունները, նույնիսկ հասցեական լինելու դեպքում, որոշ ժամանակ անց Ադրբեջանի համար դառնալու են սովորույթ», - եզրափակեց Թևան Պողոսյանը։