22/05/2017 14:18
Մեզ ենթարկում են սարկազմի, թե չի կարելի հանքարդյունաբերությունը տապալել ինչ-որ գրքային տեսակների պատճառով. Սիլվա Ադամյան
Այսօր աշխարհում նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ ոլորտի ամենամեծ խնդիրն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լանդշաֆտների, շրջակա միջավայրի փոփոխությունն է, որը լի է վտանգներով:
«Աշխարհում կա մի ճանապարհ, որը կոչվում է բիզնես, արդյունաբերություն և տարիներ շարունակ սրա անկանոն օգտագործումը հանգեցնում է շրջակա միջավայրի լուրջ վնասների», - ասաց բնապահպանը:
Սիլվա Ադամյանը մտահոգիչ է համարում նաև Հայաստանում կլիմայական փոփոխությունները: Նրա կարծիքով` ՀՀ-ում արդեն իսկ կան ազդակներ, որոնց պետք է աչալուրջ լինել:
«Գարուն, ամառ, աշուն խառնվում է, անձրևների քանակի շատ ու քիչ լինելն էլ բերում է նրան, որ շրջապատը փոփոխվում է: Սա Մարդու գործունեության արդյունքն է, մինչդեռ եթե աշխարհում հասկացել են, որ պետք է օգտագործեն կանաչ տնտեսությունը, ապա Հայաստանը դեռ նոր առաջին քայլերը պետք է անի այս ուղղությամբ: Ցավում եմ, բայց այսօր արդյունաբերությամբ զբաղվող մարդիկ և այն մարդիկ, ովքեր վերին ատյաններում որոշումներ են կայացնում, չեն հասկանում, թե ինչ իրավիճակ է ստեղծվել», - ընդգծեց նա:
Սիլվա Ադամյանը հատկապես մտահոգիչ է համարում հանքարդյունաբերության գործոնը, որի դերը շրջակա միջավայրի փոփոխության հարցում մեծ է: Բնապահպանը, մասնավորապես, առանձնացնում է Ջերմուկի Ամուլսարի հանքավայրի խնդիրը:
«Այստեղ բազաթիվ կենդանիներ կան, որոնք գրանցված են կարմիր գրքում, էլ չեմ խոսում այն միջատների մասին, որոնք Բեռնի կոնվենցիայով են պահպանվում: Այսպիսի կազմի առկայությամբ մենք փորձելու ենք զարգացնել հանքարդյունաբերությունը», - ասաց նա` ընդգծելով, որ մարդիկ լավ էլ տեղյակ են տեղանքի խնդիրներին, մինչդեռ անտեսում են դրանք:
«Երբ ծանոթա «Lydian international»-ի շրջակա միջավայրի փորձաքննությանը, հասկացա, որ մարդիկ շատ էլ լավ ուսումնասիրել են և գիտեն՝ ինչ իրավիճակ է, բայց իրենց գործողություններով փորձում են ամեն ինչ վերացնել», - հավելեց նա:
Բնապահպանը նաև իրատեսական չի համարում այն ծրագիրը, որը թույլ է տալիս կենդանական աշխարհը մի տարածքից տեղափոխել մեկ այլ տարածք: Ըստ նրա` հայաստանյան լանդշաֆտի պայմաններում այդ առաջարկը գործնականում կիրառելի չէ :
«Հայաստանի համար սա անընդունելի է, որովհետև Հայաստանը բնորոշ է իր տարբեր լանդշաֆտներով: Օրինակ, դուք կարող եք անտառից մեկ կիլոմետր գնալ ու հասնել տափաստան: Մենք չենք կարող անտառային կենդանուն տեղափոխել մեկ ուրիշ անտառ, որովհետև այդ անտառը առնվազն 150 կմ այն կողմ կլինի: Եվրոպական և ամերիկյան մի շարք միջազգային կազմակերպություններ պնդում են, որ կենդանիներին կարելի է տեղափոխել: Հիմա ասեք խնդրեմ, ո՞նց կարելի է գորշ արջին, բեզուարյան այծին մի տարածքից մեկ այլ տարածք տեղափոխենք, ո՞վ կարող է երաշխավորել, որ մի քանի կիլոմետր տեղափոխելուց հետո այդ կենդանին կարող է այնտեղ ապրել: Այս ծրագիրը չի աշխատում, բայց եկեք տեսեք որ հենց կենսաբազմազանության մասով այս փաստաթուղթը, որը ոչ մի իրավական հիմք չունի, մի քանի կազմակերություն նստել որոշել է, որ կարելի է կիրառել մեզանում, և այն ներառված է «Lydian international»-ի շրջակա միջավայրի փորձաքննության մեջ», - նշեց Ս. Ադամյանը:
Ինչ վերաբերում է այս մասով կառավարության աշխատանքին, ապա բնապահպանը գոհ չէ.
«Լուրջ խնդիր է, բայց կառավարության լուրջ վերաբերմունքն այս հարցի շուրջ մինչ օրս չեմ տեսել: Երբ ասում ենք, որ կա բույսի, կենդանու կամ միջատի տեսակ, որը միջազգային կարմիր գրքում է կամ էլ Բեռնի կոնվենցիայով պահպանվում է, մեզ ենթարկում են սարկազմի, թե չի կարելի հանքարդյունաբերությունը տապալել ինչ-որ գրքային տեսակների պատճառով, այնինչ ՀՀ օրենքը հենց կարմիր գրքային կենդանիների մասով սահմանում է` այնտեղ, որտեղ կան նման տեսակի կենդանիներ, նման գործունեություն արգելվում է: Մինչդեռ նույն բնապահպանության նախարարությունը, կառավարությունը դա անտեսում է, իրենց համար մի քանի կենդանիներին վնաս տալը ծանրակշիռ փաստարկ չէ»:
Սիլվա Ադամյանը վստահ է` Ամուլսարի հանքավայրը Հայաստանի կենսաբազմազանությանը լուրջ վնաս է հասցնելու:
«Ես համաձայն եմ ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմերի և գրքերի հետ, որոնք ցույց են տալիս, թե մոլորակն ինչպիսի փոփոխությունների պիտի ենթարկվի, եթե կանգ չառնենք», - հավելեց բնապահպանը: