23/05/2017 10:06
Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից (կոնտրաբաս և վոկալ), հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտները` Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը՝ (դաշնամուր):
Այս բացառիկ համերգն իրականություն է դառնում Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Համերգի իրականացմանն աջակցում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:
Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել:
Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում:
Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս:
2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով:
«Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում», - երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները: