24/05/2017 16:13
Նման հայտարարություններին սկսել ենք հումորով վերաբերվել. Մհեր Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներում միասնական արժույթ ստեղծելու մասին
ԵՏՄ անդամ երկրների՝ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցություններն անլուրջ են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:
«Այս հայտարարություններն այնքան հեռու են իրականությունից, որ մենք սկսել ենք դրանց հումորով վերաբերվել: Ձեզ էլ խորհուրդ կտամ, որովհետև դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Այդ հայտարարությունների համար որևէ հիմք չկա: Բազմիցս խոսվել է այդ մասին և՛ ԵՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և՛ ԿԲ ներկայացուցիչների, ու հաստատվել, որ նմա հարց ուղղակի չկա», - ասաց նա:
Մհեր Աբրահամյանն ընդգծեց, որ ապագա 15 տարիների ընթացքում նման հարցի քննարկումն անիմաստ է: Բանախոսը նաև շեշտեց, որ եթե մտադրություն լիներ ռուբլուն անցում կատարելու, ապա ԿԲ-ն չէր քննարկի հայկական դրամները նոր տիպի դրամանիշներով փոխարինելու հարցը:
«Մենք քննարկում ենք եղած հայկական թղթադրամները նոր թղթադրամով փոխարինելու հարցը, օրինակ՝ պլանավորվում է թղթադրամից նոր տիպի պլաստիկ կամ հիբրիդային դրամանիշներին անցում կատարել: Դրանք երկու կարևոր առանձնահատկություն ունեն՝ դրանց պաշտպանիչ հատկանիշներն ավելի բարձր են, բացի այդ, դրանք ավելի երկարակյաց են», - նշեց նա: