24/05/2017 12:32
Շուշիում տարեցտարի աճում է բնակչության թիվը. քաղաքը բնակֆոնդի կարիք ունի
1992 թվականին մենք ժառանգել էինք ավերված, ռմբակոծված, հոշոտված Շուշի և պատերազմի ծանր փորձություններով անցած Արցախի առաջ խնդիր էր դրվել վերականգնել ու նոր շունչ տալ բերդաքաղաքին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել:
Խոսելով քաղաքում հաստատված բնակչության թվի մասին՝ քաղաքապետը նշել է, որ ներկայումս Շուշիում ապրում է ավելի քան 5000 մարդ. ուրախալին այն է, որ տարեցտարի բնակչության թվի աճ է գրանցվում:
«Շատերն են ցանկանում հաստատվել Շուշիում, սակայն 2008 թվականից բնակֆոնդ չունենք: Ազատ տներ կան, որոնց տերերը վաղուց քաղաքում չեն ապրում և, հնարավորության դեպքում, կարելի է այդ տները ձեռք բերել ու տրամադրել այն մարդկանց, ովքեր ապրում են Շուշիում և բնակարանների կարիք ունեն»,- ավելացրել է քաղաքապետը և ընդգծել, որ մեծ ուշադրություն է դարձվում եղած բնակֆոնդի պահպանմանը:
«Անցած 4 տարիների ընթացքում Շուշիի բարձրահարկ շենքերի տանիքները հիմանականում վերանորոգվել են: Նախատեսվում է նաև բազմաբնակարան շենքերի, մուտքերի, բակերի բարեկարգում, երեխաների համար նոր խաղահրապարակների կառուցում: Նիկոլ Դուման փողոցից մինչև հայտնի «Ջդրդուզ» կոչվող հատվածում պետական ֆինանսավորմամբ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ»,- մանրամասնել է Ա. Սարգսյանը և ավելացրել, որ Շուշիում նոր շենքեր կառուցելու ժամանակ օգտագործվում են միմիայն տեղական շինանյութերը՝ պահպանելով Շուշիի ճարտարապետական հին տեսքն ու կոլորիտը: