24/05/2017 16:58
Շմելցեր. Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները ցանկանում են տիտղոս նվաճել և չեն մտածում Տուխելի ապագայի մասին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը նշել է, որ ինքն ու իր թիմակիցները միանգամայն կենտրոնացած են Գերմանիայի Գավաթի եզրափակչի՝ «Այնտրախտի» հետ խաղի վրա: Շմելցերը սա ասել է՝ պատասխանելով գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ դորտմունդյան ակումբում ապագայի մասին հարցին, փոխանցում է Championat.com-ը:
«Մեզ՝ ֆուտբոլիստներիս համար եզրափակիչ խաղը միանգամայն առաջնային հարց է հանդիսանում: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք աշխատեցինք, որպեսզի ինչ-որ նշանակալի բան նվաճենք: Այնպես, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները ցանկանում են նվաճել տիտղոսն ու չեն մտածում Տուխելի ապագայի մասին: Մեզ չի հետաքրքրում այն, ինչ ասում են ակումբից դուրս», - Շմելցերի խոսքերն է մեջբերում tz-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը կարող է հեռանալ «Բորուսիայից», քանի որ խնդիրներ ունի ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ: Վերջինս այդ տեղեկատվությունը չէր հաստատել՝ նշելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Տուխելի հետ կքննարկի թիմի ապագան և նրա հետագա գործունեությունն ակումբում: Մարզչի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը:
Նշենք՝ Գերմանիայի Գավաթի եզրափակիչը «Բորուսիայի» և «Այնտրախտի» միջև կկայանա մայիսի 27-ին: