25/05/2017 20:00
Անդրանիկ և Էլեն Հարությունյանները, Վահե Զիրոյանը և այլք՝ «Հեքիաթֆիլմ» կինոստուդիայի նոր մանկապատանեկան կինոկատակերգությունում
Վերջին տարիներին հայկական ֆիլմադարանը հարստանում է նաև մանկապատանեկան ֆիլմերի հավաքածուով: «Հեքիաթֆիլմ» կինոստուդիան շուտով երեխաների ուշադրությանը կներկայացնի իր 5-րդ գեղարվեստական ֆիլմը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց կինոստուդիայի հիմնադիր, տնօրեն, պրոդյուսեր և ռեժիսոր Նարինե Մնացականյանը:
«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ նոր կինոկատակերգությամբ մենք ևս նպաստում ենք երեխաների դաստիարակությանը՝ ժամանցի միջոցով: Սյուժեի հետ կապված` փակագծերը դեռևս չեմ բացի, միայն կասեմ, որ այս ֆիլմով անդրադառնում ենք մեր ժամանակների կարևոր խնդիրներից մեկին և տալիս շատ հետաքրքիր լուծում՝ միաժամանակ մեր սիրելի հանդիսատեսին ծիծաղ պարգևելով», - նշեց Ն. Մնացականյանը:
Ֆիլմում նկարահանվում են սիրված դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Վահե Զիրոյանը, ինչպես նաև` «Հեքիաթֆիլմ» կինոստուդիայի պատանի դերասանները: Ի դեպ, դերասանական կազմում է նաև Անդրանիկ Հարությունյանի 4,5 ամյա դուստրը՝ Էլենը:
«Տաղանդավոր արտիստների երեխաներին նկարահանելը «Հեքիաթֆիլմի» համար ավանդույթ է դարձել: Էլենի հետ մեծ սիրով ենք աշխատում: Ինքս մտածում եմ երեխաների նման և նրանց հետ իմ շփումն այնպիսին է, ասես, ինքս ինձ հետ եմ խոսում», - խոստովանեց Նարինեն:
Հատկապես կատակերգական ֆիլմեր նկարահանելիս նկարահանման հրապարակում առավել ուրախ է լինում: Զավեշտալի շատ պատմություններ կադրից դուրս են հայտնվում ու մնում միայն հենց այդ վայրում:
«Նկարահանման հրապարակում հետաքրքիր միջադեպեր տեղի են ունենում անընդհատ, քանի որ նկարահանում ենք կինոկատակերգություն: Անդրանիկի և Վահեի հետ լրջանալը շատ դժվար է, նրանք հումորի «սունդուկ» են, հենց սկսում են խոսել, պիտի կամքի ուժ գործի դնես, որ կարողանաս ծիծաղդ զսպել ու աշխատել: Երեխաների հետ ևս շատ ծիծաղաշարժ պահեր են լինում: Զավեշտալի պահերից մեկը տեղի ունեցավ կամուրջի վրա. երբ սկսեցի բացատրել, թե ինչ է պետք նկարահանել, օպերատորներ Հայկ Սերոբյանն ու Արմեն Մանուկյանը չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը, որ կարողանայինք սկսել նկարահանումը: Սակայն այդ օրվա նկարահանումը ամենևին էլ ծիծաղելի չէր, քանի որ ստիպված եղանք նկարահանում իրականացնել վտանգավոր իրավիճակում՝ առանց մեր ապահովությունը որևէ կերպ պահպանելու», - պատմեց ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Նարինե Մնացականյանը:
Նա նկատեց, որ թեև ֆիլմը ստեղծվում է երեխաների համար, բայց հանդիսատեսի շարքերում գտնվող մեծահասակաները ևս գոհ կմնան, քանի որ «Հեքիաթֆիլմի» ֆիլմերը նախատեսված են ընտանեկան դիտումների համար և չունեն տարիքային սահմանափակում:
Ֆիլմի վերնագիրը սցենարիստը հայտնել չցանկացավ, քանի որ, իր իսկ խոսքով, այն բացում է ֆիլմի ամբողջ իմաստը:
Երաժշտության և սաունդթրեքի հեղինակը երգիչ, կոմպոզիտոր և գործիքավորող Նարեկ Իգիթյանն է:
Նկարահանումները սկսվել են օրեր առաջ, իսկ թե ե՞րբ կլինի էկրաններին, ռեժիսորն ընդգծեց. «Աստծուց առաջ չընկնենք»: