25/05/2017 15:15
Ադրբեջանի ջղաձգումները չի կարելի անտեսել, խոսքը մարդկանց կյանքի մասին է. Խոսրով Հարությունյան
Ստեփանակերտի օդանավակայանի և «Yell Extreme Park»-ի հետ համատեղ երկտեղանոց ինքնաթիռով Արցախի տարածքում թռիչքներ կատարելու նախագիծը Ադրբեջանի սրտով չէ.
«Հասկանալի է, որ Ադրբեջանը ջղաձգումներ է դրսևորելու», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Խոսրով Հարությունյան:
Պատգամավորի դիտարկմամբ, թեև Ադրբեջանի նման վարքագծի դրսևորումը որևիցե մեկի համար անակնկալ չէ, բայց դրա հետ պետք է հաշվի նստել:
«Այդ ջղաձգումները չի կարելի անտեսել, որովհետև խոսքը մարդկանց կյանքի մասին է, բայց արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդքան լկտիանալ, օրենքի և միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարել, մտածելու տեղիք կա: Ճանաչելով ադրբեջանական ղեկավարությանը՝ կարծես թե դա նրանից հեռու չէ», - նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար պետք է այդ հարցի շուրջ միջազգային սևեռուն կարծիք ձևավորել և պատկան մարմիններին ներգրավել քննարկումների մեջ:
«Պետք է ստանալ իրավական երաշխիքներ: Շտապել պետք չէ, մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու կյանքը շատ թանկ է: Հաշվի առնելով ում հետ գործ ունենք՝ մենք պարտավոր ենք երաշխավորել մարդկանց անվտանգությունը»:
Դիտարկմանը, թե արդյոք չկա մտավախություն, որ անգամ միջազգային հանրության կողմից երաշխիքներ ստանալուց հետո հնարավոր կլինի անվտանգություն ապահովել՝ հաշվի առնելով այն արհամարհական վարքագիծը, որն Ադրբեջան միշտ դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, Հարությունյանն ընդգծեց.
«Գիտեք, պիրատները միջազգային քաղաքականության մեջ երկար կյանք չեն կարող ունենալ: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ թքած ունի ու պրոբլեմ չունի, բայց նա կրակի հետ է խաղում: Միջազգային հանրության ազդեցիկ պետությունների համբերությունն էլ սահման ունի: Դա արվում է մեկ անգամ և շատ կոշտ: Կան ծովահեններ, որոնք նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների նավերի վրա են պատրաստ հարձակվել՝ առանց հասկանալու, թե դա ինչ հետևանք կարող է թողնել: Անկասկած, Ադրբեջանի նման վարքագիծն ապագա չունի: Առաջին նշույլներն արդեն իսկ տեսնում ենք հասցեական հաղորդագրությունների տեսքով: Միջազգային հանրությունը չի կարող ինչ-որ մի Ադրբեջանի սանձարձակ, անբարո և ոչ մի բանի հետ հաշվի չնստող վարքագծի հետ հաշտվել», - նշեց նա:
Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել արգելելու համար Ստեփանակերտի օդանավակայանից երկտեղանի մարդատար ինքնաթիռներով զբոսաշրջային թռիչքների իրականացումը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում թռիչքները Երևանի կողմից սադրանք էր որակել՝ պնդելով, որ այս քայլը լուրջ վնաս կհասցնի բանակցային կարգավորմանը: