26/05/2017 14:18
Հիշում եմ՝ պատմության դասից փախանք ու ամբողջ դասարանով նկատողություն ստացանք. Արմինե Պողոսյանի դպրոցական հիշողությունները
Վերջին զանգի ղողանջները կյանքի նոր փուլի ազդանշան են: Ու եթե դպրոցական տարիների ընթացքում անհամբեր սպասում ենք այն ավարտելուն, ապա հետագայում հաճախ կարոտով ու սիրով ենք հիշում պատանեկությունը: Առաջին ուսուցիչ, առաջին սեր, առաջին պայքար ու առաջին հաղթանակ, կամ, գուցե, պարտություն…
2017 թվականին Հայաստանի հանրապետությունում դպրոցական վերջին զանգը հնչեց մայիսի 26-ին: Ուղիղ 31 տարի առաջ Միսակ Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցին հրաժեշտ տվեց նաև դերասանուհի Արմինե Պողոսյանը:
«Վերջին զանգս հնչել է 1986 թվականի մայիսի 25-ին, մեր դպրոցը ֆրանսիական թեքումով էր: Ավարտական դասարանի բոլոր աղջիկներով կրում էինք այն ժամանակի ավանդական համազգեստներ և գոգնոցներ։ Հիշում եմ՝ ինչպես էինք աղջիկներով միմյանց գոգնոցների և տղաների վերնաշապիկների վրա մաղթանքեր գրում, որը պահեցինք որպես հուշ», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Ավարտական միջոցառումից անմիջապես հետո համադասարանցիներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Խոստովանում է՝ հասուն կյանք մտնելն իրենց շատ էր ոգևորում, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում․
«Գիտակցում էինք որ մեր անհոգ դպրոցական օրերն այլևս ավարտված են: Ե՛վ շատ հուզված էինք, և՛ շատ տխուր, զգացմունքները միախառնված էին: Հասկանում էինք, որ այլևս չեն կրկնվելու մեր աշակերտական խենթությունները, չենք տեսնելու մեր սիրելի ուսուցինչերին»։
Ա. Պողոսյանը նկատեց՝ այն տարիների դպրոցական կյանքը տարբերվում էր այսօրվանից: Նախկինում ամեն ինչ ավելի կարգ ու կանոնով էր, դպրոցականներն ավելի օրինակելի էին և նպատակասլաց։
«Ինքս եղել եմ օրինակելի և պարտաճանաչ աշակերտուհի: Խենթություններ քիչ եմ արել: Միակ դեպքը, որ հիշում եմ, պատմության դասից փախչելն էր, ինչի պատճառով ամբողջ դասարանով նկատողություն ստացանք»:
Դերասանուհին դպրոցական սեր չի ունեցել, սակայն ունեցել է սիրելի ուսուցչուհի ու նախընտրած առարկա:
«Ամենասիրելի ուսուցչուհիս տիկին Չիլինգարյանն էր՝ կենսաբանության ուսուցչուհիս, ով նաև դասղեկս էր: Առարկաներից շատ էի սիրում ֆրանսերենը. անչափ գեղեցիկ լեզու է ու դրանով միանգամից գրավեց ինձ։ Բայց ասեմ, որ չսիրած առարկա չեմ ունեցել, ուղղակի եղել են առարկաներ, որոնցում մի փոքր դժվարացել եմ: Օրինակ՝ մաթեմատիկան», - ընդգծեց նա:
Այսօր դպրոցն ավարտող պատանիներին ամենակարևորն է մաղթում.
«Մաղթում եմ կանաչ ճանապարհ դեպի հասուն կյանք, նպատակասլացություն ու համառություն։ Ուզում եմ, որ միշտ հավատան իրենց ուժերին և լինեն հաստատուն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմինե Պողոսյանը: