26/05/2017 14:54
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գարշապարը կայունությունն է. Լևոն Պաչաջյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի հետ Aysor.am-ը խոսել է Դանիայում նրա գործերց, ֆուտբոլային հետագա կարիերայից, Հայաստանի ազգային հավաքականից, ակումբային ֆուտբոլում իր նախասիրություններից և այլն:
- Ինչպե՞ս են գործերը Շվեդիայում:
- Բավականին լավ: Հարմարվել եմ, մարզվում, խաղում եմ արդեն 4-րդ տարին անընդմեջ: Այս երկրին հարմարվելն ու աշխատանքային պրոցեսներում ընդգրկվելը ինձ դժվար չտրվեց, որովհետև բավականին փորձված եմ և շատ հանգիստ բնավորություն ունեմ, փոփոխությունները կտրուկ չեմ տանում։ Շվեդիան սառը երկիր է՝ թե՛ եղանակային պայմաններով, թե՛ մարդկանց հետ կապված։ Բայց դրա հետ մեկտեղ մարդիկ երբեք չեն խառնվում անձնական գործերիդ, և այդ առումով շատ ավելի հեշտ է հարմարվելը:
- Վերջերս գրառում էիք կատարել Ձեր FB էջում առ այն, որ 17-րդ ֆուտբոլային մրցաշրջանի Ձեր առաջին խաղն եք խաղալու: Ո՞րն էր երկարատև դադարի պատճառը ու ինչպիսի՞ն էին զգացողությունները խաղադաշտում՝ այդ ընդմիջումից հետո:
- Այստեղ նոր մրցաշրջանը բոլոր լիգաներում ապրիլին է սկսում՝ եղանակային պայմաններից ելնելով։ Ձմեռը երկար է, այսպես ասած։ Մոտ 5 ամիս բավականին ցուրտ է, իսկ այն, որ առաջին խաղն էի խաղալու նոր մրցաշրջանում շատ ոգևորիչ էր։ Այդքան դադարից հետո միշտ էլ կարոտում ես մեծ ֆուտբոլը:
- Ակումբային մակարդակում շարունակում եք հանդես գալ, սակայն հավաքականում երկար ժամանակ է՝ Ձեզ չենք տեսնում: Ինչո՞ւ:
- Դե, ժամանակին հասցրի 37 խաղ խաղալ հավաքականում, բայց հետագայում մարզիչները չհրավիրեցին՝ պատճառաբանելով, որ խաղաոճերի տարբերություն կա: Ժամանակ անց եկան նոր ու երիտասարդ ֆուտբոլիստներ։ Ես միշտ հպարտ և ուրախ եմ, որ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ հավաքականի մի քանի հաղթանակներում, և մինչև հիմա էլ ցավում ու ուրախանում եմ թե՛ ձախողումներով, թե՛ հաջողություններով։
- Չի՞ լինում, որ ասեք՝ այ, եթե ես լինեի խաղադաշտում, այսպես չէր լինի:
- Դե, իհարկե, ցանկացած ֆուտբոլիստ էլ մտածում է, որ այս կամ այն դրվագում այլ ձևով կգործեր, բայց ֆուտբոլը շատ անգամ անկանխատեսելի է, և մինչև չհայտնվես դաշտում, չես կարող նման հարցերին միանշանակ պատասխանել:
- Ինչպե՞ս եք գնահատում հավաքականի այսօրվա ֆուտբոլը:
- Վերջին երկու հաղթանակներից հետո ոգևորությունը շատ մեծ է, և բոլորի մոտ նորից հույս է արթնացել, որ ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, հոգեբանորեն մենք վերելքի մեջ ենք, բայց հավաքականի գարշապարը կայունությունն է, որն արդյունքն է թույլ ակումբային առաջնության և պետական աջակցության բացակայության։ Եթե մենք ուզում ենք գլոբալ հաջողության հասնել, այն է՝ Աշխարհի կամ Եվրոպայի եզրափակիչ մրցումների մասնակցել, ապա այդ երկու խնդիրները պետք է լուծել, այլապես մենք 2 խաղ կհաղթենք, երեքը կպարտվենք, հետո՝ նորից ու նորից:
- Ո՞րն է պատճառը, որ թիմը մշտապես խնդիրներ է ունենում մրցակիցների եզրային գրոհների ժամանակ:
- Հիմնականում, եզրերը տուժում են՝ իրար՝ ոչ ժամանակին փոխօգնության հասնելու պատճառով, ու դիրքային սխալները դառնում են անխուսափելի: Մենք բավականին արագ ֆուտբոլիստներ ունենք եզրերում, բայց, չգիտես ինչու, լինում են փլուզումներ։ Չնայած այս վերջին խաղում եզրային պաշտպանները բավականին հաջող խաղացին:
- Չեք կարծո՞ւմ, որ հավաքականի խաղը մեծապես տուժում է Յուրա Մովսիսյանի բացակայությունից:
- Մանրամասներին տեղյակ չեմ, թե ինչու նա չի հրավիրվում հավաքական: Այն հայտնի սկանդալային խաղից հետո, Յուրային այլևս չկանչեցին հավաքական, մնացածի մասին կարելի է միայն ենթադրություններ անել:
Այո՛, ցանկացած որակյալ ֆուտբոլիստի բացակայությունը վատ է անդրադառնում հավաքականի խաղի վրա, բայց պետք է հիմնվել այն կադրերի վրա, որոնք այս պահին կան։
- Անդրադառնալով մարզիչներին: Ո՞վ էր հավաքականում լավագույնը վերջին տասնամյակում, ի՞նչ կարծիքի եք:
- Ես շատ մարզիչների հետ եմ աշխատել, ու ինձ համար առանձնահատուկ են երկուսը, որոնցից մեկը ինձ առաջին անգամ հրավիրեց հավաքական, իսկ մյուսը՝ կարողացավ վստահություն ներշնչել և նոր շունչ հաղորդել: Խոսքը Միխայ Ստոյկիցայի և Յան Պորտերֆիլդի մասին է: Վերջինն ինձ համար բացարձակ հեղինակություն է, իսկ եթե արդյունքին նայենք, իհարկե, Վարդան Միանսյանը ամենաարդյունավետն է:
- Մտածե՞լ եք կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեությամբ զբաղվելու մասին:
- Մտածել եմ, և մեծ հավանականություն կա, որ հենց այդպես էլ կշարունակեմ ֆուտբոլում մնալ։ Տեսնենք, թե ոնց կստացվի:
- Դուք տարբեր երկրների առաջնություններում եք հանդես եկել: Խնդրում եմ՝ մի փոքր պատմեք երկրպագուների տարբերության մասին. որտե՞ղ, ի՞նչ առանձնահատկություններ կան:
- Շվեդիան և Նորվեգիան գրեթե նույնն են։ Մեզ մոտ էլ առանձնապես տարբերություն չկա. երևի մենք մի փոքր ավելի տաքարյուն ենք, իսկ ահա պարսիկները այլ թեմա են։ Նրանց մոտ ամեն խաղը, կարծես, պատերազմ լիներ։ Մարդիկ հանուն իրենց ակումբի պատրաստ էին կյանքը տալ։ Շատ անգամներ եմ ականատես եղել արյունոտ միջադեպերի, բախումներ, մեքենաներ այրել և այլ: Իրանում երկրպագուները շատ սուր են տանում ակումբի ցանկացած ձախողում ու շատ անգամ ֆուտբոլիստները վատ խաղից հետո զգուշանում են քաղաքներում երևալ:
- Հետևո՞ւմ եք ակումբային առաջնություններին: Ո՞ր թիմին եք երկրպագում:
- Այո, իհարկե, հնարավորության դեպքում՝ տարբեր խաղեր անպայման նայում եմ։ Չկա այնպիսի ակումբ, որի երկրպագուն եմ, ես միշտ նայում եմ՝ որակյալ ու գոլառատ ֆուտբոլ տեսնելու համար։ Շատ ցածր դիվիզիոններում կամ անհայտ առաջնություններում էլ են շատ լավ ու դիտարժան խաղեր լինում։