26/05/2017 16:56
«Լա բոհեմի» ժամանակ բեմում կլինեն և՛ հեծանիվ, և՛ ռոլիկներ. Շառլ Ազնավուրը Հայաստանում ներկա կգտնվի իրեն նվիրված բալետի պրեմիերային
Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի նաև աշխարհահռչակ շանսոնիեն, այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեցին ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար կոնստանտին Օրբելյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ, «Լա Բոհեմ» բալետի սցենարի հեղինակ, բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը:
«Ես շատ ոգևորված եմ, այս նախագիծն ինձ շատ է դուր գալիս: Կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար: Տարածում կգտնի և այստեղ այցելած զբոսաշրջիկների շրջանում, և՛ աշխարհում: Չէ՞ որ աշխարհն է ճանաչում ու սիրում Ազնավուրի ստեղծագործությունները: Դրան գումարվել է նաև Ռուդոլֆ Խառատյանի տաղանդն ու շնորհքը: Վստահ եմ, սա մեծ տոն է լինելու», - իր խոսքում նշեց Կ. Օրբելյանը:
Ռուդոլֆ Խառատյանն էլ հավելեց՝ Շառլ Ազնավուրն այն երևույթն է, ով ճեղքել է ժամանակը, դուրս եկել այնտեղից ու իր արվեստի միջոցով դարձել հավերժություն: «Լա Բոհեմ»-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական ու համամարդկային բնութը:
«Իր արվեստը մինչ այս բաղկացած էր իր ֆիզիկական կերպարից, ձայնից, կյանքի վերաբերյալ փիլիսոփայական խոսքերից ու երաժշտությունից: Այս 4-ին այսօր միանում է բալետը, որով պետք է բնությունը, և ոչ թե Ազնավուրը հարստանա», - նկատեց նա:
Ի դեպ, Կոնստանտին Օրբելյանը գաղտնիք բացեց՝ առաջիկայում կգրվի նաև բալետ՝ Միշել Լեգրանի ստեղծագործության հիման վրա: Բալետ-ներկայացման աշխատանքային վերանգիրն է «Շերբուրյան հովանոցները»:
Խորեոգրաֆի վսահեցմամբ՝ բալետային մտածելակերպն ու բալետային կատարումը տարբեր բաներ են: Կարևորում է այսօր ստեղծել մի բալետ, որը նաև առաջ կտանի բալետային մտածելակերպը: Կարևոր է նաև արագությունը, դասականի ու ժամանակակիցի համադրումը:
«Մտածեցինք՝ այսօրվա դասականի հետ ի՞նչ կարելի է համադրել, այսօրվա պարային ձևերը որքանո՞վ կհարմարվեն դասականի հետ… Արդյունքում եկանք այն հագուցալուծման, որ «Լա բոհեմի» ժամանակ բեմում կլինի և՛ հեծանիվ, և՛ ռոլիկներ: Մի կողմից կլինի մեծ քաղաքի եռուզեռ, մյուս կողմից՝ մերօրյա մոտեցումը: Այսկերպ, կփորձենք ներգրավել երիտասարդներին դեպի օպերային արվեստ, նրանք կարող են դառնալ վաղվա մեր հանդիսատեսը», - ընդգծեց Ռ. Խառատյանը:
Բալետային ներկայացման մեջ ընտրվել և օգտագործվել են Ազնավուրի երգացանկից 12 հանրահայտ երգեր, ներկայացումը կավարտվի «Լա բոհեմ» - ով: Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այդ 12 երգերը՝ բեմադրող խորեոգրաֆը պատասխանեց.
«Ընտրել եմ՝ ելնելով ներքին դրամատուրգիայից: Ընտրված բոլոր երգերը, սցենարն ուղարկել ենք վարպետին, ով էլ իր հավանությունն է տվել: Ընդհանուր հայտարարի ենք եկել»:
Պրեմիերայի օրը բեմում գլխավոր դերերով հանդես կգան Գարեգին Բաբելյանն ու Տաթևիկ Գրիգորյանը:
«Լա Բոհեմ»- ը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի նաև հունիսի 4-ին և 17-ին, հետագայում այն կընդգրկվի նաև Օպերային թատրոնի խաղացանկում:
Այս ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: