27/05/2017 09:48
Արա Բաբլոյանը կրճատումներ է սկսել. «Ժողովուրդ»
ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով։ Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականի և 16 օգնականի:
«Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից», - «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, ասել է նա՝ նաև նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին։
«Նկատենք, որ ԱԺ-ում այս տարիներին ձևավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների և օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդ կադրերին, բայց և աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին։
Եվ այսպես՝ ԱԺ նախագահի խորհրդականներն են դարձել նաև մեծ հարստության տեր անձինք՝ Վահագն Գրիգորյանը, որը նաև զբաղված է նավթային բիզնեսով, «Միսս Հայաստան» մրցույթի անցկացմամբ, ԱԺ իրավաբանական վարչության նախկին աշխատակից, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը և էլի շատերը։ Ընդ որում, նրանց մի մասն այս ընթացքում ամիսներով չի ներկայացել աշխատանքի, բայց և ստացել է 400-500 հազար դրամ աշխատավարձ», - հավելել է թերթը: