27/05/2017 10:19
Հայի ազատատենչ ոգին անսասան է և փոխանցվում է սերնդեսերունդ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականությունը վերականգնելու, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար:
1918 թվականի մայիսին այդ բազմադարյա պայքարը պսակվեց հաղթանակով: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովուրդը դրսևորեց անօրինակ տոկունություն ու սխրանք և հասավ հաջողության, կարողացավ դիմակայել իր հողը մխրճված թշնամուն և հետ շպրտել նրան՝ ոչնչացումից փրկելով պատմական հայրենիքի վերջին մասնիկն ու իր ապագան:
Արցախյան ազատամարտը դարձավ այդ փառավոր հերոսամարտերի շարունակությունը, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի ազատատենչ ոգին անսասան է և փոխանցվում է սերնդեսերունդ:
Այսօր համայն հայությունը միավորվել ու համատեղել է իր ջանքերը, որպեսզի հայկական երկու հանրապետությունները զարգանան ու զորանան, որպեսզի հայը կարողանա ապահով ու բարեկեցիկ ապրել հարազատ երկրում, իր հայրենիքում: Դա համազգային խնդիր է, որը պետք է լուծենք բոլորս միասին՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու նոր հաղթանակներ պետականաշինության ճանապարհին», - ասված է Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում։