27/05/2017 13:35
Ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
«Արցախի Հանրապետության պետականաշինության գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձևավորումը և պահպանումը: Այն նաև համայն հայության կարևորագույն առաջադրանքներից մեկն է, որի իրականացման համար ջանք ու եռանդ չեն խնայում Մայր Հայաստանը և Սփյուռքը: Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով»:
Բակո Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:
Բ. Սահակյանի բնութագրմամբ՝ ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում:
Առաջարկն ընդունվել է և ընդգրկվել 2017 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: