27/05/2017 10:21
700 հազար նվիրատու և 500 հազար շահառու. «Հայաստան» համահայկական հիմնադրամը 25 տարեկան է
Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված միջոցառումը:
«Հայաստան համահայկական հիմնադրամը գոյություն չէր ունենա, եթե չլիներ Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացին. մեկն իր քաղաքում կամ գյուղում շարունակում է կյանք և ապագա կերտել, մյուսը սահմանին կանգնած ապահովում է մեր անվտանգությունը, մեկ ուրիշը հաղթահարում է բոլոր դժվարությունները և շարունակում քայլ առ քայլ շարժվել առաջ», - իր զեկույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը:
Հետադարձ հայացք նետելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցած 25 տարվա ուղուն` Արա Վարդանյանն ասաց, թե կարելի է խոսել հարյուրավոր կիլոմետր ճանապարհների ու ջրագծերի մասին, հարյուրավոր դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, համայնքային կենտրոնների մասին, որոնք կառուցվել և կառուցվում են հիմնադրամի ստեղծումից ի վեր` Հայաստանում և Արցախում:
«Սակայն այսօր ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու թվի վրա, որոնք նույնքան, եթե ոչ ավելի կարևոր են` 700 հազար նվիրաու և 500 հազար շահառու: Կարծում եմ, որ այս երկու թվերը մեր միասին անցած 25-ամյա ուղու ամենախոսուն վկայությունն են», - ասաց Արա Վարդանյանը: