27/05/2017 17:17
Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուսի» ավարտվելու ու 25 մասից բաղկացած նոր նախագիծ սկսելու մասին
Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուլ Հաուս» սիթքոմը, որը գրեթե 3 տարվա ընթացքում հեռուստադիտողին է ներկայացել շուրջ 150 սերիայով, շուտով կավարտի իր 6-րդ եթերաշրջանը: Սիրված նախագիծը, հավանաբար, այլևս չի շարունակվի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդուսեր և դերասան Արմեն Պետրոսյանը:
«Դեռ չգիտենք՝ նոր եթերաշրջան կլինի, թե ոչ: Այժմ քննարկման փուլում ենք, ամեն ինչ պարզ կլինի հուլիսի կեսերին: Լինել-չլինելու հարցը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից առաջինը սյուժետային զարգացումն է: Եթե կարողանանք գտնել սցենարային այնպիսի լուծումներ, որոնցով կկարողանանք մի ամբողջ եթերաշրջան հետաքրքիր պահել, ապա կմտածենք նկարահանելու մասին», - խոստովանեց պրոդյուսերը:
Եթերաշրջանի վերջին սերիաներն էկրաններին կլինեն մայիսի 29-ին, 30-ին և 31-ին: Հարցին, թե ինչպիսի՞ ավարտ է սպասվում, կլինի արդյոք «Ֆուլ հաուսում» հարսանիք, թե ոչ, պատասխանեց.
«Անկեղծ ասած, վերջաբանի հետ կապված, փակագծերը բոլորովին չեմ ուզում բացել: Ընդամենը օրեր անց հեռուստադիտողը կտեսնի, թե ինչ հանգուցալուծում ենք գտել: Միայն ասեմ, որ այս անգամ հարսանիք չի լինելու»:
Ամփոփելով բոլոր 6 եթերաշրջանները՝ մեր զրուցակիցը նկատեց, որ չի ցանկանա առանձնացել դրանցից որևէ մեկը, քանի որ յուրաքանչյուրն իր ասելիքն ուներ.
«Ամեն մեկը յուրովի լավն է եղել ու ինչ-ինչ բաներով տարբերվել մյուսից: Ինքս բավական գոհ եմ ամբողջ ընթացքից: Գուցե եթերաշրջաններից որևէ մեկը առավել զիջել է մյուսին, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ստացված նախագիծ է»:
«Ֆուլ հաուսի» ստեղծագործական խումբը սիթքոմի ժանրում նոր նախագծի մասին դեռևս չի մտածում: Ամեն ինչ պարզ կլինի ներկայիս բանակցություններն ավարտելուց հետո: Սակայն Արմեն Պետրոսյանն ամռան ընթացքում, որպես պրոդյուսեր, աշխատելու է 25 մասից բաղկացած ֆիլմի շրջանակներում, որը հասանելի կլինի միայն «Յուքոմ» հեռուստացանցի բաժանորդներին:
«Այս ֆիլմը բացարձակ կապ չունի հումորի հետ, ավելի շատ դրամատիկ ժանրում է: Այժմ ընթացքի մեջ ենք, այդ պատճառով չեմ ուզում մանրամասնել: Ավելի ուշ այս մասին կխոսեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց պրոդյուսեր-դերասանը: