28/05/2017 19:44
Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի. Հենրիխ Մխիթարյանը՝ նախագահից ստացած պարգևի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ շատ հպարտ է նախագահի կողմից պարգևատրվելու համար, և հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա հետագայում ևս շարունակելու նպաստել հայկական սպորտի զարգացմանը, հաղորդում է «Արմենպրեսս»-ը:
Լրագրողներից մեկի հարցին՝ իր ո՞ր գոլի հետ կհամեմատի նախագահից ստացած շքանշանը, Մխիթարյանը պատասխանեց. «Ոչ մի գոլի հետ չեմ համեմատի, դրանք անհամեմատելի են»:
Մյուս հարցին, թե ի՞նչ է իրեն ասել Նախագահը շքանշանը հանձնելիս, Մխիթարյանը պատասխանեց, որ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանն աշխարհում լավագույն կերպով ներկայացնելու համար և շնորհավորել է մեդալը ստանալու կապակցությամբ:
Մխիթարյանն անդրադարձավ նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի դրոշը խաղադաշտում բարձրացնելուն: Նա ընդգծեց, որ հայկական եռագույնը բարձրացնելը յուրաքանչյուրի պարտականությունն է:
«Ինձ համար միշտ պատիվ է տարբեր վայրերում բարձրացնել Հայաստանի դրոշը: Այդ գաղափարը ես վաղուց էի ցանկանում իրագործել և ի վերջո ստացվեց, քանի որ մենք կարողացանք հաղթել Եվրոպայի լիգայում», - նշեց Մխիթարյանը: